Նեմցովի սպանության համար մեղադրվող Դադաևի մորաքույրը ՄԻԵԴ-ում ՌԴ-ի դեմ գործով 120.000 եվրո է շահել. Коммерсантъ

13:29 • 13.03.15

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով կասկածյալ Զաուր Դադաևի բարեկամները 2015 թվականի հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի դեմ գործով 120 հազար եվրո են շահել, գրում է Коммерсантъ-ը։

 

Դադաևի մորաքույրը՝ Լարիսա Դադաևան, Ստրասբուրգի դատարան էր դիմել իր ամուսնու՝ Մայրբեկ Շավանովի և նրա եղբոր՝ Ասլամբեկ Շավանովի առևանգման կապակցությամբ: Չեչենական Ալխազուրովո գյուղում 2001 թվականին իրականացված հատուկ գործողության ընթացքում նրանց հետևից էին եկել ռուս ուժայինները և տարել անհայտ ուղղությամբ: Դրանից հետո կինը նրանց չի տեսել:

 

Դադաևան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հայտնելով Մարդու իրավունքների (կյանքի իրավունք) պաշտպանության մասին եվրոպական հռչակագրի 2-րդ հոդվածի խախտման մասին: Այժմ Նեմցովի սպանության համար կասկածվողի բարեկամն ապրում է Բելգիայում:

 

Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել է փետրվարի վերջին, Մոսկվայի կենտրոնում։