«Իսլամական պետությունն» ընդունել է «Բոկո Հարամ» խմբավորման հավատարմության երդումը

09:00 • 13.03.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ընդունել է նիգերական «Բոկո Հարամ» կազմակերպության հավատարմության երդումը, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

 

Շաբաթ օրը «Բոկո Հարամի» առաջնորդ Աբուբաքր Շեքայը տեսաուղերձ էր հրապարակել, որում ԻՊ-ին հավատարիմ լինելու երդում էր տվել:

 

ԻՊ-ի տեղեկատվական քաղաքականության ղեկավար Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին հայտարարել է, որ «Բոկո Հարամի» երդումն ընդունվել է, և «Իսլամական պետությունը» տարածվել է Արևմտյան Աֆրիկայում:

 

«Իսլամական պետությունը» և «Բոկո Հարամը» ջիհադականների ամենաքննարկված խմբավորումներն են եղել վերջին տարվա ընթացքում: Նրանց հաջողվել է իրենց ազդեցության տակ պահել տարածքներ՝ վախի և դաժանությունների միջոցով:

 

ԻՊ-ը գրավել է Իրաքի հյուսիսային և հյուսիս-արևմտյան մասը: Այն վերահսկողության տակ է պահում նաև Սիրիայի որոշ տարածքներ:

 

«Բոկո Հարամը» հիմնվել է Նիգերիայի հյուսիս-արևելքում: Վերջին շրջանում միջազգային ուժերն այս խմբավորումից մի քանի քաղաքներ են վերագրավել: