Երևանում և Մանագուայում համատեղության կարգով դեսպաններ կհավատարմագրվեն

14:59 • 13.03.15

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Նիկարագուայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Նախագահի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Լուիս Ալբերտո Մոլինային:


Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։


Ողջունելով հյուրին` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նիկարագուայի հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկկողմ համագործակցության ամրապնդմանը։


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Նիկարագուայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ իր այցի նպատակն է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը։


Հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության հաստատման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խթանման, միջխորհրդարանական կապերի և իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։


Պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում և Մանագուայում համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու մասին։


Զրուցակիցներն անդրադարձել են նաև հրատապ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների: