Էթնիկ փոքրամասնություններն ԻՊ-ի գործողությունների հետևանքով լրացուցիչ խնդիրների են բախվելու. արաբագետ

23:02 • 13.03.15

Արաբագետ Արաքս Փաշայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Միջին Արևելքում «Իսլամական պետության» գրոհայինների իրականացրած գործողություններին, ասաց, որ շուրջ 3 տարի է՝ փորձագետները խոսում են մարտահրավերների մասին, սակայն ոչ ոք իրենց չի լսում:

 

«2011 թվականից  ասում ենք, որ հայերը լուրջ մարտահրավերների առջև են՝ ֆիզիկական անվտանգության և մշակութային արժեքների ոչնչացման  եզրին: Միջին Արևելքում իրենց հեռանկարն էլ է անորոշ, ավելացրած  բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են հենց այդ երկրների բնակիչների առջև»,-ասաց Արաքս Փաշայանը։

 

Ըստ Արաքս Փաշայանի՝ ԻՊ խմբավորման կողմից այս օրերին արձանագրվող վանդալիզմի դրսևորումները հետագայում ավելի մեծ թափով կծավալվեն, և որևէ երաշխիք չկա, որ պատերազմը շուտով  կավարտվի, կամ բռնությունները  կդադարեն:

 

«Որևէ երաշխիք չկա, թե այդ բռնությունների ալիքը որքան կշարունակվի, և էթնիկ փոքրամասնությունները լրացուցիչ ինչ խնդիրների կբախվեն: Նրանց  ապագան շատ վիճարկելի է Միջին Արևելքում»,-ևս մեկ անգամ ընդգծեց արաբագետը՝ շարունակելով. «Հայաստանն ամեն ինչ պետք է անի, պետք է աջակցի իր հայրենակիցներին: Նրանք, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան, պետք է աջակցություն ստանան իրենց հայրենիքում»: