Հանուն եռագույնը Ադրբեջանում բարձրացնելու արժե մասնակցել խաղերին. Ռոման Ամոյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2008թ-ի Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Ռոման Ամոյանը պատրաստ է հունիսին Բաքվում կայանալիք եվրոպական առաջին ամառային խաղերին:
«Ազատություն» ռադիոկայանի Facebook-յան ասուլիսին մարզիկը, պատասխանելով օգտատերերի հարցերին, նշեց, որ իհարկե մարզիկների համար դժվար կլինի հանդես գալ Բաքվում, սակայն հանուն Հայաստանի եռագույնը ծածանելու արժե մեկնել:
«Ես 2007թ-ին Բաքվում մրցաշարի մասնակցել եմ, գիտեմ դրա ծանրությունը, թե ինչքան դժվար է: Բայց եթե մեր Օլիմպիական կոմիտեն որոշել է, որ պետք է մասնակցենք, ուրեմն պետք է մասնակցենք: Ես ինքս ուզում եմ մասնակցել, կարծում եմ, որ անվտանգության հարցերը լուծված են, և որոշումը միայն ՀԱՕԿ-ի նախագահինը չէ»,-ասաց նա:
Ռոման Ամոյանն ընդգծեց, որ չի կարելի մտածել, թե մեկնող մարզիկները խիզախ են, չմեկնողները՝ ոչ, սակայն նա բոլորին խորհուրդ տվեց մի քիչ ավելի թեթև նայել հարցին:
«Իհարկե ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, նաև մրցավարական մոտեցումներում, որ մենք չհաղթենք, նույնիսկ «յան» վերջավորությամբ ազգանուն ունեցող, բայց այլ երկիր ներկայացնող մարզիկների համար, բայց Միջազգային օլիմպիական կոմիտեն խոստացել է, որ ամեն ինչ կանի՝ արդար մրցակցություն ապահովելու համար»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ կտա մասնակցությունը և չմասնակցությունը խաղերին, մարզիկը պատասխանեց. «Եթե չմասնակցենք, կարծում եմ, լարվածություն կառաջանա ՄՕԿ-ի հետ, իսկ գնալ-մասնակցելը հնարավորություն կտա բարձրացնել եռագույնը, անկախ արդյունքից»:










