Մեր վերջնական դիրքորոշումը կախված կլինի մասնագիտական հանձնաժողովի պատասխանից. Ռուբեն Հակոբյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սահմանադրության բարեփոխումների շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպմանը, նշելով, թե բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ԶԼՄ ներկայացուցիչներից, ովքեր հարցնում են, թե իրենք ինչ նպատակ էին հետապնդում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմամբ և արդյոք դա իր և Արմեն Մարտիրոսյանի անձնական նախաձեռնությունն էր, թե՝ վարչության դիրքորոշում:
«Այս պահին ուզում եմ ասել ընդամենը հետևյալը. հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռևս նախորդ օրը տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին:
Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա մեր մասնակցելն ուներ մեկ հստակ նպատակ՝ ինչպե՞ս են իրենք վերաբերում դեռ ամիսներ առաջ «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» խորհրդաժողովում «Ժառանգության» երեք առաջարկներին: Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել այդ առաջարկները: Մենք նշեցինք, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված մեր վերջնական դիրքորոշումը կախված կլինի մասնագիտական հանձնաժողովի պատասխանից:
Առայժմ այսքանը. մյուս հարցերը կքննարկենք վարչության առաջիկա նիստում»,- նշել է «Ժառանգության» խմբակցության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում:










