Հայաստանում ՄիԳ-29 կործանիչների ռուս օդաչուները պարապմունքներ են անցկացնում
Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանում չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդի թեթև ճակատային կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել բարդ օդանավավարության ծրագրի յուրացմանը թռիչքի բարձրությունների և արագությունների լայն ընդգրկույթում:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Պարապմունքներն անցկացվում են միավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովի ղեկավարությամբ, դրանց մասնակցում են թռիչքային և տեխնիկական կազմի ավելի քան 100 զինծառայողներ:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ օդաչուների ուսուցման ընթացքում հիմնական ուշադրությունը նվիրվում է ցամաքում նրանց պատրաստությանը, որտեղ մինչև մանրուքները վերլուծվում են օդաչուների բոլոր գործողությունները բարդ օդանավավարության ֆիգուրներ կատարելիս՝ հաշվի առնելով տարբեր գերբեռնվածքները և օդում ծագող ոչ ստանդարտ իրավիճակները:
Սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով Հայաստանի ռուսական ավիացիոն ռազմակայանի հանդերձվածությունն օդաչուներին թույլ է տալիս ուսուցման տարբեր ծրագրերով թռիչքներին վարժվել բարձրլեռնային և շոգ կլիմայի պայմաններում՝ հասարակ, բարդ և բարձրագույն օդանավավարության ֆիգուրների իրականացմամբ, և ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգում կատարել Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված խնդիրները:










