ԱՄՆ-ն և Գերմանիան ՌԴ-ին սպառնում են նոր պատժամիջոցներով՝ Մինսկի համաձայնագրերը խախտելու դեպքում
Ռուսաստանը կարող է բախվել հավելյալ պատժամիջոցների, եթե խախտվեն Ուկրաինայի հարցով Մինսկում փետրվարին ձեռք բերված համաձայնագրերը: Այդ մասին հինգշաբթի հայտարարել են ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Սյուզան Ռայսը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, գրում է ria.ru-ն:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասվում է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ նրանք ընդգծել են «կողմերի կողմից Մինսկի համաձայնագրերի կիրառման անհրաժեշտությունը, ներառյալ՝ ռազմական գործողությունների դադարեցումը, ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, որպեսզի դիտորդները կարողանան ստուգել զինատեսակների հեռացումը և բոլոր գերիների ազատումը»:
«Նրանք նաև ընդգծել են, որ Ռուսաստանի համար գինը բարձր կլինի այն դեպքում, եթե հետագայում խախտվեն Մինսկի համաձայնագրերը և եթե նրա աջակցությամբ գործող անջատողականները փորձեն նոր տարածքներ գրավել»,- նշված է փաստաթղթում:
Ռայսը և Շտայնմայերը «համաձայնել են տնտեսության կայունացման ուղղությամբ քայլեր ձեռնարկող Ուկրաինային աջակցություն տրամադրելու անհրաժեշտության հարցում»:










