ՀԵՀ կամավորները պլաստիկ կավից անմոռուկներ են պատրաստում

11:28 • 14.03.15

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կամավորներն այս օրերին պլաստիկ կավից պատրաստում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունը։


100 օրինակից պատրաստված անմոռուկներն անվճար կբաժանվեն դպրոցականներին, երիտասարդներին։


Նախաձեռնությունը երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի կենտրոնի կամավորներինն է։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարևորում է արհեստների, նոր մասնագիտությունների ուսուցանումը երիտասարդների շրջանում՝ պարբերաբար կազմակերպելով անվճար դասընթացներ հատկապես անապահով ընտանիքների երիտասարդների համար:


ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նկատում է, որ փորձը ցույց է տվել, որ նման դասընթացները մեծ պահանջարկ ունեն։ Անցյալ տարի կենտրոնն իրականացրեց պլաստիկ կավի անվճար դասընթաց, որի ընթացքում մասնակիցները սովորեցին պատրաստել տարբեր տեսակի զարդեր և հուշանվերներ:


Դասընթացի մասնակիցներն իրենց աշխատանքները բազմիցս ներկայացրել են տարբեր ցուցահանդեսների ժամանակ: Ընդ որում, դասընթացների մասնակիցները դասընթացներից հետո էլ օգնում են և աջակցում կենտրոնի աշխատանքներին՝ կիրառելով ստացած նոր հմտությունները: