Իրաքի բանակն ամբողջական վերահսկողություն է սահմանել Տիկրիտում
Իրաքի զինված ուժերը սուննի և շիա զինված խմբերի աջակցությամբ ամբողջական հսկողություն են հաստատել Իրաքի հյուսիսում գտնվող Տիկրիտ քաղաքում:
Այդ մասին Բաղդադում հայտարարել է պաշտպանության նախարար Խալեդ ալ-Օբեյդին, գրում է ТАСС-ը:
Մարտի 11-ին Իրաքի բանակի կանոնավոր ջոկատները մտել են քաղաք՝ գրավելով դրա կենտրոնական թաղամասերը, և մի քանի օրվա ընթացքում ոչնչացրել «Իսլամական պետություն» խմբավորման մնացած գրոհայիններին:
Միաժամանակ հսկողության տակ են վերցվել Տիկրիտի արվարձանները՝ ալ-Ալամը և էդ-Դոուրը:
Սալահ-էդ-Դին շրջանը դրա մայրաքաղաք Տիկրիտով գրաված ԻՊ-ի ահաբեկիչների վրա մասշտաբային հարձակումը սկսվել էր մարտի 10-ին:
Գործողությանը մասնակցել են Իրաքի բանակի կանոնավոր ջոկատները, այդ թվում՝ հրետանի, տանկային ստորաբաժանումներ և օդուժ, ինչպես նաև՝ կամավորական խմբեր:
Տիկրիտը կարևոր հենարան էր մնում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների համար Բաղդադի վրա հարձակման նրանց փորձերում, ինչպես նաև ռազմավարական սահման, որը թույլ չէր տալիս իրաքցի զինված ուժերին ձեռնարկել Մոսուլի վրա հարձակումը՝ ևս մեկ խոշոր քաղաք, որը գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ:










