Ամերիկացին զրկվել է 1.000.000 դոլար շահումից՝ վիճակախաղի տոմսը կորցնելու պատճառով

11:39 • 14.03.15

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տղամարդը վիճակախաղի տոմս է գնել, որը հետագայում շահել է, սակայն այն կորցնելու պատճառով՝ զրկվել է 1 միլիոն դոլար շահումից, գրում է Reuters-ը:

 

California Lottery վիճակախաղը կայացել էր 2014-ի սեպտեմբերի 13-ին: Մարտի 12-ին լրացել է 6-ամսյա ժամկետը, որի ընթացքում խաղացողը կարող է ներկայացնել տոմսն ու պահանջել իր շահումը:

 

Շահող տոմսը վաճառվել էր Լոս Անջելես քաղաքի արվարձանի սուպերմարկետներից մեկում, որտեղ անվտանգության տեսախցիկի համաձայն՝ շահող տոմսը գնած մարդը երիտասարդ է եղել՝ կարճ մազերով: Այդ տեսանյութն էլ վիճակախաղի կազմակերպիչները տարածել են լրատվամիջոցներով, որպեսզի մինչ ժամկետի լրանալը հաջողակը հայտնվի և ստանա իր գումարը։

 

Երիտասարդը ներկայացել է և վիճակախաղի կազմակերպիչներին խնդրել իրեն հանձնել շահումը, սակայն գործող կանոնների համաձայն՝ տոմս չներկայացնելու դեպքում գումարը չի տրվել նրան։