Վիետնամում ՀՀ դեսպանն այդ երկրի ԱԺ նախագահին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը

15:54 • 15.03.15

Հանոյում կայանալիք Միջխորհրդարանական միության վեհաժողովի 132-րդ նստաշրջանին (ս/թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը) ընդառաջ` մարտի 14-ին Վիետնամի ԱԺ ղեկավարության կողմից կազմակերպված հանդիպման շրջանակներում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Սին Հունի հետ։


Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։


Դեսպան Վարդանյանը զրուցակցին շնորհակալություն է հայտնել` միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցում գործադրած ջանքերի համար և ընդգծել, որ հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում իր ուրույն տեղն ունի Հայաստան-Վիետնամ խորհրդարանական բարեկամական խումբը։


Նգույեն Սին Հունի խնդրանքով դեսպան Վարդանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները։

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային արդի խնդիրներին: