Չինաստանը 3-րդ տեղում է հայտնվել սպառազինությունների արտահանման ցուցանիշով

10:25 • 16.03.15

2014 թվականին Չինաստանը դարձել է աշխարհի երրորդ երկիրը սպառազինության արտահանման ծավալներով՝ առաջ անցնելով Գերմանիայից և Ֆրանսիայից: Այդ տվյալները ներկայացրել են Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի մասնագետները, գրում է interfax.ru-ն:

 

Ինստիտուտի տվյալներով՝ 2010-2014 թվականներին Չինաստանի սպառազինության արտահանումն աճել է 16 տոկոսով՝ նախկին ժամանակահատվածի համեմատ:

 

Զենքի համաշխարհային առևտրում ԱՄՆ բաժինը 31 տոկոս է, Ռուսաստանինը՝ 27 տոկոս, նշել են մասնագետները: Գերմանիայի և Ֆրանսիայի ծավալները կազմում են 5-ական տոկոս, Չինաստանն այդ երկրներից աննշան է առաջ անցնում:

 

Չինաստանի զենքի արտահանման մոտ երկու երրորդը հասնում է Ասիայի երկրներին, ասիական արտահանման 41 տոկոսը կլանում է Պակիստանը, որին հետևում են Բանգլադեշը և Մյանման: