Վթարի ենթարկված շտապօգնության անձնակազմի անդամների վիճակը կայուն է

10:50 • 16.03.15

Մարտի 14-ին Արարատի մարզում վթարի ենթարկված շտապբուժօգնության մեքենայի անձնակազմի վիճակը կայուն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:

 

«Շտապօգնության բժիշկը և դիմացի «Գազել» մակնիշի մեքենայի վարորդը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ»,-տեղեկացրեց Շուշան Հունանյանը՝ հաղորդելով նաև, որ բուժքույրն ու շտապօգնության վարորդը դեռևս վերակենդանացման բաժանմունքում են, սակայն նրանց վիճակը գնահատվում է կայուն:


Հիշեցնենք, որ Վերին Արտաշատ կանչի մեկնած Արտաշատի շտապօգնության մեքենայի  վթարի հետևանքով բժիշկ Կարապետ Գրիգորյանը տեղում մահացել էր, անձնակազմի մյուս անդամները տեղափոխվել էին հիվանդանոց։