Մեր իրականության մեջ սահմանադրականության դեֆիցիտը մեծ է. Գագիկ Հարությունյան
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Սահամանդրության կիրառման մասին, ասաց, որ դա շատ բաներով է պայմանավորված: «Պատճառները եռաշերտ են. մի մասը կապված է Սահմանադրության, մի մասը՝ օրենքների թերի իրացման, մի մասը` իրավակիրառական պրակտիկայում սուբյեկտիվ նպատակահարմարության հետ: Սա մասնագիտական մակարդակում կոչվում է սահամանդրականության դեֆիցիտ: Իրոք, մեր իրականության մեջ սահմանադրականության դեֆիցիտը մեծ է, և դրա համար ես՝ որպես մասնագետ, ասում եմ, որ ինձ համար կարևոր չէ՝ թղթի վրա ինչ Սահմանադրություն կա, կարևոր է, թե իրական կյանքում ինչ Սահմանադրություն է գործում»,-ասաց նա և նշեց, որ իրենք փորձում են ցույց տալ, թե դա որտեղից է առաջացել և ինչպես կարելի է հաղթահարել:
«Կան բազմաթիվ կետեր, որոնք խախտվում են տարբեր պատճառներով` ոչ հստակ ձևակերպմամբ, հստակ ձևակերպմամբ, սակայն օրենսդրական ոչ հստակ կարգավորմամբ, օրենսդրական հստակ կարգավորմամբ` իրավակիրառողների ոչ ճիշտ կիրառմամբ: Խնդիրն այն է, որ դրանք պետք է հասցնել նվազագույնի, կամ լավագույն դեպքում` բացառել, և գոնե գտնել սահմանադրական այնպիսի լուծումներ, որոնք այնպիսի բացեր չեն ստեղծի, որոնք կվերարտադվեն օրենքում, որից հետո` իրավակիրառական պրակտիկայում»,-ասաց նա:
Գագիկ Հարությունյանը բնական համարեց Սահմանադրական բարեփոխումների շուրջ որոշակի անորոշությունները: «Մշակումները իրավական հարթություններում են արվելու, սակայն կան հարցեր, որոնք իրավաքաղաքական երանգներ ունեն»,-ասաց նա և նշեց, որ ամեն մի երկիր գտել է խորհդրանական կառավարման համակարգում իր լուծումները` հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ գաղտնիք չէ, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք գտնվում մենք, և եթե որևէ լուծում է գտնվում, այն պետք է երաշխիքներ տա և՛ ճգնաժամային իրավիճակում, և՛ ֆուկցիոնալ կառավարման ժամանակ: «Նույնիսկ որևէ սահմանադրագետի համար այս պահի դրությամբ այդ բոլորը պարզ չէ, ինչպե՞ս կարող է սովորական մարդը, որը միայն մեծատառ Ս-ն է ճանաչում, ամբողջ Սահմանադրության մասին դատողություններ անել»,-ասաց նա և նշեց, որ պետք չէ կերակրել մարդկանց այն հույսով, թե վաղը պետք է լինեն հարցերի հստակ պատասխանները:
Գագիկ Հարությունյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե Սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ Նախագահ կարող է լինել ինքը, ասաց.« Ես նման խոսակցությունները ֆոլկլորի ժանրից եմ համարում: Մենք ավելի լուրջ գործով ենք զբաղված»:
Նա նշեց, որ բացարձակապես կարևոր չէ, թե ով ինչ կդառնա: «Այս երկիրը պետք է կայուն ապագա ունենա: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե իմ երեխաները, թոռներն ինչ երկրում են ապրելու, իրենց իրավունքները որքան պաշտպանված են լինելու»,-ասաց նա:










