Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

15:03 • 16.03.15

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի։

 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։


Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալված Հ. Տոնոյանին,  Հ. Գևորգյանին, Դ. Հակոբյանին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։


Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։


Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Փ.Առաքելյանին, Աշոտ և Գառնիկ Գրիգորյաններին հայտնաբերելու ուղղությամբ։