Թովմա Մաթևոսյանը մահացել է բժիշկների մեղքով, իսկ դատավորը հապճեպ է գործը քննում. փաստաբան
Ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի` հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդու՝ Թովմա Մաթևոսյանի սպանության գործի նախաքննությունն իրականացվել է խայտառակ մակարդակով, իսկ դատավարությունը՝ հապճեպ:
Սպանության մեջ մեղադրվող Տիգրան Մելիքյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ընդգծեց, որ խոսքը մարդու ճակատագրի մասին է, որին սպառնում է 8-10 տարվա ազատազրկում, հետևաբար դատաքննությունը չի կարող հապճեպ իրականացվել:
«Դեպքը տեղի է ունեցել 2013թ-ի մայիսի 15-ին Վանաձոր քաղաքում: Վիճաբանություն է սկսվել իմ պաշտպանյալի և Թովմա Մաթևոսյանի միջև, ինչի արդյունքում Թովմա Մաթևոսյանը դանակի վիրավորում է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Գործը քննում է դատավոր Աղասի Մկոյանը, ով մինչ այս հիմնականում քաղաքացիական գործեր է քննելու և ապրիլին դարձյալ պետք է սկսի քաղաքացիական գործեր քննել: Տպավորությունն այնպիսին է, թե նրան հանձնարարված է, որ արագ քննի այդ գործը, ավարտին հասցնի ու տեղափոխվի զբաղվելու քաղաքացիական գործերով»,-ասաց նա:
Տիգրան Աթանեսյանը ընդգծեց նաև, որ դատավորը չի տիրապետում տարրական գիտելիքների և ասվածը հիմնավորեց. «Երբ ես միջնորդություն ներկայացրի գործը կարճելու մասին, նա չգիտեր որ պետք է տեղափոխվի խորհրդակցական սենյակ, նոր որոշում ընդունի: Նա հարցը տեղում քննարկեց ու որոշում ընդունեց, ինչը կոպիտ սխալ է»:
Փաստաբանի մյուս պահանջը կրկնակի դատաբժշկական փորձաքննության անցկացումն է, քանի որ ինքն համոզված է, որ Թովմա Մաթևոսյանը մահացել է բժիշկների մեղքով:
«Բժիշկներն արձանագրել են, որ Թովմա Մաթևոսյանը մահացել է ներքին արյունահոսությունից, մեծ քանակությամբ արյուն է կուտակվել նրա որովայնային խոռոչում: Բայց իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն վնասվածքը, որ ստացել է մահացողը նման հետևանքի կարող էր հանգեցնել 3-4 ժամ անց, սակայն բժիշկները մահն արձանագրել են 20 րոպե անց: Բժիշկների սխալների հետևանքով է մահացել Թովմա Մաթևոսյանը»,-ասաց նա:










