Բաքուն անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար. Էդվարդ Նալբանդյան

15:44 • 16.03.15

Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար. Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։


«Նա մերժում է համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլև՝ վստահության ամրապնդման, միջոցների իրականացման վերաբերյալ»,-ասաց Նալբանդյանը՝ ընդգծելով, որ ԼՂՀ  հակամարտության կարգավորման հարցում միջազգային մանդատ ունեցող մարմինը Մինսկի խումբն է։


Ըստ Նալբանդյանի՝ վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը, և նման քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար։


Էդվարդ Նալբանդյանը խոսեց Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին՝ շեշտելով, որ վերջին տասը տարիների ընթացքում այդ երկիրը երեսուն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն և սպառնում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։


«Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել և այժմ էլ կողմ է համանախագահ երկրների առաջարկների վրա հիմնված բանակցությունների շարունակմանը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-եզրափակեց նա: