Եկել է ժամանակը վերանայելու, թե որքանով էին ՌԴ կողմից ՀՀ-ին տրված անվտանգության երաշխիքներն իրական. Քշիշտոֆ Բոբինսկի
Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին համոզված է, որ Հայաստանի ապագան Եվրոպան է: Իսկ թե ինչ քայլեր են արվում այդ ուղղությամբ՝ լրագրողների հարցին, Քշիշտոֆ Բոբինսկին նշեց, որ ՀՀ կառավարությանը որպես օրակարգային հարց մնում է լիարժեք իրականացնել Ասոցացման համաձայնագրից բխող մնացած բոլոր գործողությունները, որոնք կարող են ապահովել սերտ ինտեգրում եվրոպական արժեքներին: Քշիշտոֆ Բոբինսկին նկատեց, որ եթե Ռիգայում ակնկալվում է ստորագրել որևէ շրջանակային համաձայնագիր, պետք է հաշվի առնել, որ մինչև բավական սեղմ ժամկետներ են մնացել: Ի դեպ, նա հուշեց, որ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, քանի որ անվտանգության երաշխիքներ էին տրվել, մինչդեռ շփման գծում լարվածությունն ավելի է խորացել: «Կարծես թե եկել է ժամանակը՝ վերանայելու, թե որքանով էին ՌԴ-ի կողմից տրված անվտանգության երաշխիքներն իրական»,-հայտարարեց նա:
-Հնարավո՞ր է, որ մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովի ժամանակ Հայաստանը Եվրամիության հետ որևէ փաստաթուղթ ստորագրի:
-Որքանով տեղյակ եմ, ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում Եվրամիության հետ՝ փաստաթղթի ձևավորման շուրջ: Առաջիկա 2 ամսվա ընթացքում անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի կառավարության կամքը՝ փաստաթղթի ձևավորման ուղղությամբ, այլև՝ Եվրամիության 28 անդամ-պետությունների համաձայնությունը, որը, որքանով ես եմ հասկանում, այս պահին դեռևս ձեռք բերված չէ: Եթե Ռիգայում ակնկալվում է ստորագրել որևէ շրջանակային համաձայնագիր, ապա պետք է հաշվի առնել, որ մինչև Ռիգայի գագաթաժողովը բավական սեղմ ժամկետներ են մնացել:
-Հաշվի առնելով նախորդ փորձը, երբ 4 տարի բանակցված փաստաթղթից Հայաստանը հրաժարվեց, ի՞նչ վստահություն կա, որ նույնը չի լինի նաև Ռիգայի գագաթաժողովին։
-Ես ՀՀ քաղաքացի չեմ և այն դիրքում չեմ, որ կարող եմ գնահատական տալ Հայաստանի ղեկավարների դիրքորոշումներին, որ վստահություն կամ անվստահություն հայտնեմ։ Սակայն կարծում եմ, որ սեպտեմբերի 3-ի որոշումը պայմանավորված է եղել Հայաստանի անվտանգության նկատառումներով և այն երաշխիքներով, որ տրվել են Նախագահին այդ քայլին գնալու առնչությամբ, առ այն, որ եթե Եվրաասոցացման համաձայնագիրը չստորագրվի և Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին, կլինեն անվտանգության երաշխիքներ և Հայաստանի վիճակը կբարելավվի, ինչը տեղի չի ունեցել: Իրականում դրանից հետո շփման գծում լարվածությունն ավելի է խորացել, և, փաստորեն, անվտանգության վիճակը չի բարելավվել: Երևի թե եկել է ժամանակը՝ վերանայելու և վերստին հասկանալու, թե ինչքանով են այդ երաշխիքներն իրական:
-Հարևանության ծրագիրը վերանայելով ՝ ԵՄ-ն փաստորեն հասկացավ, որ ինչ-որ սխալներ են թույլ տրվել, և հաշվի չի առնվել ՌԴ-ից եկող հնարավոր ճնշումները: Հիմա, երբ հայտարարում եք, որ Հայաստանի ապագան Եվրոպան է, ինչքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ օգնել այդ ճանապարհին Հայաստանին:
-Կարծեմ Եվրոպական հանձնաժողովը հստակ հայտարարել է, որ ցանկանում է լավ հարաբերություններ ձևավորել Հայաստանի հետ, և սեպտեմբերի 3-ի որոշումը չի նշանակում, որ դրանով ավարտվում են բոլոր հարաբերությունները Եվրոպայի հետ: Ես մի քիչ չեմ համաձայնի այն մտքի հետ, որ Եվրոպական հարևանության կամ Արևելյան գործընկերության քաղաքականությունը պետք է փոխել, որովհետև այն սխալ է եղել, կամ չի աշխատել, այլ անհրաժեշտ է վերանայել այդ քաղաքականությունը, որովհետև տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ: Սակայն այն, ինչ տեղի է ունենում, ցույց է տալիս, որ Եվրոպան շատ հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրներով, քան ասենք հետաքրքրված էր 5 կամ 6 տարի առաջ:
-Բայց ինչո՞վ է կոնկրետ պատրաստ օգնել դեպի Եվրոպա այդ ճանապարհին, երաշխիքներ կա՞ն:
-Կարծում եմ՝ այս պահին շատ դժվար է խոսել անվտանգության երաշխիքների մասին, որովհետև նախ և առաջ անհրաժեշտ է ստորագրել համաձայնագիր, որտեղ որ կձևավորվեն հիմքեր, և կխոսենք ֆինանսական աջակցության մասին:
- ԵՄ-ի կողմից ՀՀ կառավարությանը ֆինանսական աջակցություն այսուհանդերձ տրվում է: Ըստ ձեզ, ինչքանո՞վ է այն արդյունավետ օգտագործվում:
-Սա մի խնդիր է, որը որ պետք է ձևավորել քաղաքացիական հասարակություն-կառավարություն երկխոսության միջոցով։ Քաղաքացիական հասարակությունը պետք է ավելի ակտիվ դիրքեր ունենա և ավելի ուժեղ դիրքերից քննարկի այս խնդիրը կառավարության հետ:










