Թոնի Բլեերը հեռանում է մերձավորարևելյան «քառյակի» հատուկ ներկայացուցչի պաշտոնից. Financial Times
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը հեռանում է միջազգային միջնորդների մերձավորարևելյան «քառյակի» հատուկ ներկայացուցչի պաշտոնից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:
Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ն և Եվրոպան ուսումնասիրում են իրենց քաղաքականության այլընտրանքային տարբերակներ՝ Իսրայելում այս շաբաթ կայանալիք ընտրությունների նախաշեմին:
Բլեերը զբաղեցրել է հատուկ ներկայացուցչի պաշտոնն ութ տարի շարունակ, հիշեցնում է թերթը: Նշվում է, որ Բրիտանիայի նախկին վարչապետը մտադիր է շարունակել իր մասնակցությունը Մերձավոր Արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ աշխատանքներին: Այդպես, անցած շաբաթ օրը նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Շարմ-էշ-Շեյխում՝ «դերի հնարավոր փոփոխությունը» քննարկելու համար: Բացի այդ, նշում է թերթը, Բլեերը զրուցել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Վերջնական որոշումները դեռ չեն կայացվել, բայց Բլեերի դերի հետ կապված իրավիճակը կարող է պարզվել այս շաբաթ, նշում է թերթը: Նախկին վարչապետի գրասենյակում մեկնաբանություններից հրաժարվել են:
Մերձավորարևելյան քառյակի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՄԱԿ-ը:










