Գյուղնախարարը Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր

11:52 • 17.03.15

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի գլխավորած պատվիրակությանը:


Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 


Ողջունելով հյուրերին` նախարարը համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը հիմք կհանդիսանա Եվրոպական ներդրումային բանկի հետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության  փոխշահավետ համագործակցության համար:


«Եվրոպական ներդրումային բանկը արդյունավետ ծրագրեր է  իրականացնում  Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսությունն այսօր մեր երկրում հանդիսանում է գերակա ոլորտներից մեկը, կարծում եմ, ժամանակն է ծրագրեր մշակել և իրականացնել նաև գյուղատնտեսության ոլորտում», - նշել է իր խոսքում նախարարը:


Համառոտ ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը` նախարարը հանգամանորեն անդրադարձել է ոլորտի այն ճյուղերին, որոնցում առկա են համագործակցության  իրատեսական հեռանկարներ: Այս առումով նախարարը մասնավորապես առանձնացրել է պտղաբուծության, վերամշակման, ջերմոցաշինության ոլորտներում երկկողմ ծրագրերի մշակման, ինչպես նաև սառնարանային տնտեսությունների կազմակերպման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման և ջրամբարների կառուցման, մատչելի գներով գյուղատնտեսական վարկերի տրամադրման հնարավորությունը:


Պարոն Մոնտերերն իր հերթին նշել է, որ ներկայումս բանկի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև առկա են համագործակցության իրատեսական հնարավորություններ:


Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի խոսքով` ՀՀ Կենտրոնական բանկի հետ կնքված շրջանակային համաձայնագրի շրջանակում հնարավոր է  ֆինանսավորել նաև գյուղատնտեսության զարգացման ծրագրեր` աջակցելով մասնավոր հատվածին: Միաժամանակ բանկի փոխնախագահն ընդգծել է, որ նման ծրագրերի իրագործման համար, առաջին հերթին,  անհրաժեշտ է մշակել այնպիսի ռազմավարություն, որը կընդգրկի գյուղատնտեսական ողջ արժեշղթան: Իր խոսքում նա կարևորել է նաև ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում գիտական համագործակցության ընդլայնումը, վերապատրաստումն ու հայ մասնագետների մասնագիտական կարողությունների ուժեղացումը:


Անդրադառնալով ջրի կառավարման խնդիրներին` բանկի փոխնախագահը կարևորել է  այդ ոլորտում ժամանակակից ոռոգման խնայողատար տեխնոլոգիաների ներդրման հարցը:


Վիլհելմ Մոլտերերը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՀՀ-ում գործունեություն ծավալող միջազգային տնտեսական և ֆինանսական  այլ կազմակերպությունների հետ` ներգրավելով նրանց առաջիկայում նախատեսվող ծրագրերում: