Ղրիմի անեքսիան սպառնում է Եվրոպայում հետպատերազմյան կարգին. Բեռլին

10:04 • 17.03.15

Ղրիմի` Ռուսաստանին միանալու 1-ամյակի առիթով Գերմանիայի և ԵՄ-ի ղեկավարությունները քննադատել են Մոսկվայի գործողությունները, գրում է Корреспондент-ը:

 

Պաշտոնական Բեռլինը կողմ է «Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանն այն սահմաններում, որոնք ընդունված են միջազգային իրավունքով», նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

 

ՌԴ-ի իշխանություններն անօրինական օգտագործել են «հակասահմանադրական հանրաքվեն»՝ Ղրիմի` միջազգային իրավունքին հակասող անեքսիայի համար, ասել է Զայբերտը: Նրա խոսքով` այդ կերպ Ռուսաստանը հարցականի տակ է դրել հետպատերազմյան աշխարհակարգը Եվրոպայում:

 

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խոր անհանգստություն է հայտնել Ղրիմում մարդու իրավունքների խախտման առնչությամբ:

 

«ԵՄ-ն չի ճանաչում թերակղզու անեքսիան և քննադատում է այդ ակտը, որը խախտում է միջազգային օրենսդրությունը»,- ասել է Մոգերինին: