Հարավ-արևելյան Ասիայի պետությունները համագործակցելու են ԻՊ-ի դեմ պայքարում
Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան ակտիվորեն համագործակցելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Մալայզիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հիշամուդին Հուսեինը՝ Ասոցիացիայի երկրների 9-րդ հանդիպման ավարտին։
Ասոցիացիայում ներառված են Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդն ու Ֆիլիպինները, և այնտեղ ընդհանուր առմամբ 600 մլն մարդ է բնակվում։
«Անդամ երկրների բոլոր նախարարները միավորել են ջանքերն այդ վտանգավոր սպառնալիքի դեմ պայքարելու գործում հետախուզական տվյալների փոխանակման և ԻՊ-ի ծրագրերին ու զարգացումներին հետևելու հարցում։ ԻՊ-ի սպառնալիքին չի կարելի թեթև նայել, և նախարարները համակարծիք են, որ անհրաժեշտ է պարզել դրա գոյության խորքային պատճառներն ու զբաղվել հասարակությանն այդ հարցում կրթելով»,-ասել է Հուսեինը՝ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսին։










