Կապանում բրուցելոզով 15 հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ
Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակվում է բրուցելոզով 15 հիվանդի բուժումը (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նրանց բուժումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, հիվանդներն ապահովվում են անհրաժեշտ դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Հիշեցվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականի մարտի 5-ին է տեղեկատվություն ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի 6 բնակիչ բրուցելոզ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել է բժշկական օգնության:
Վերջիններիս ախտորոշումը հաստատվել է նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքում: Նույն օրը տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեպքերը կապված են մասնագիտական գործունեության հետ:
Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը մարտի 6-ից ընդլայնել է համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների շրջանակները, ինչի արդյունքում ևս 11-ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է բրուցելոզ հիվանդությունը:
Նախարարության տեղեկացմամբ՝ նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են հակահամաճարակային և կանխարգելիչ բոլոր միջոցառումները, մասնավորապես՝
- շարունակվում են անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները,
- բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդների տնային օջախների նկատմամբ,
- համագործակցված աշխատանքներ են իրականացվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ,
- իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:










