Թուրքերը պատրաստ են առերեսվել պատմությանը, քանի որ ամաչելու ոչինչ չունեն. Բեռլինում Թուրքիայի դեսպան
Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Կարսլըօղլուն, խոսելով «1915-ի դեպքերի» մասին, նշել է, որ իրենք ամաչելու ոչինչ չունեն, տեղեկացնում է Hye Tert-ը։
Եվրոպացի թուրք ժողովրդավարների միության գրասենյակում ունեցած ելույթում նա նշել է, թե ոչ ոք չի կարող ասել, որ «թուրքերը պետք է ամաչեն իրենց պատմությունից» և առերեսվեն իրենց պատմությանը։
Նա նշել է, որ թուրքերը միշտ պատրաստ են առերեսվել իրենց պատմությանը, քանի որ այդ առումով ամաչելու ոչինչ չունեն։
«Սակայն եթե Հայկական հարցում, հարյուրամյակի տարում մեզ ասեն՝ հայերին դո՛ւք եք կոտորել, հայերին դո՛ւք եք ոչնչացրել, նրանց դեմ ցեղասպանություն իրականացրել, դա պետք է ընդունեք, մենք այդ հարցում չկանք»,- ասել է նա։
Դեսպանը նշել է, որ հաջորդ շաբաթների ընթացքում թուրքերի վրա ճնշումն աճելու է՝ Հայոց ցեղասպանությունն ընդունել տալու առումով։ «Ոմանք փորձելու են ստիպել մեր երեխաներին ամաչել մեր պատմությունից, թուրք լինելուց։ Բայց մենք ամաչելու ոչինչ չունենք»,-ասել է նա։
Կարսլըօղլուն նշել է, որ բոլորը պատասխանատու են իրենց պատմության համար, այդ թվում՝ թուրքերը։
«Բայց մենք էլ ենք ցավեր տեսել։ Մենք էլ Կովկասում կոտորածի ենք ենթարկվել, գաղթ տեսել։ Մենք էլ Ղրիմում, Դաղստանում, Բալկաններում ցավեր ենք տեսել։ Ինչո՞ւ իմ ցավը ոչ ոք չի հիշատակում, ինչո՞ւ իմ ցավն ուրիշը չի զգում»,- ասել է նա։










