Նեմցովի սպանության պատճառով բախվել են Ռուսաստանի ամենաազդեցիկ կլանները. Foreign Policy

14:06 • 17.03.15

Մոսկվայի կենտրոնում ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը հանգեցրել է Ռուսաստանի երկու «ամենաազդեցիկ կլանների» բաց առճակատման, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Foreign Policy-ին:

 

Ինչպես նշում է թերթը, ընդդիմադիր քաղաքական գործչի սպանության կասկածյալների ձերբակալությունը մի շարք ենթադրություններ է առաջացրել ռուսական քաղաքական էլիտայի ներսում «տարաձայնությունների» վերաբերյալ: Մի կողմից իբր գտնվում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, իսկ մյուս կողմից՝ Մոսկվայում իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակիցների ինչ-որ «շրջանակ», որը վաղուց «դժգոհ է» Կադիրովի գործողություններից այն ոլորտներում, որոնք նրանք իրենցն են համարում:

 

Մինչ վերջերս ռուսական ոստիկանությունը և Անվտանգության դաշնային ծառայությունը մտադրություն չեն ունեցել կարգի հրավիրել Կադիրովի աջակիցներին, իսկ այժմ ամեն ինչ մի վայրկյանում փոխվել է, նշված է հոդվածում:

 

Թերթը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լուրջ երկընտրանքի» առաջ է կանգնել, քանի որ նրա համար կարևոր են և՛ հատուկ ծառայությունների, և՛ Կադիրովի հետ հարաբերությունները: