Հայկական կողմը հակառակորդին պետք է այնպես պատժի, որ այլևս չհամարձակվեն հարձակվել. Վահան Շիրխանյան

21:23 • 19.03.15

Ըստ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարվածությունները թուլացնելու համար հայկական կողմը հակառակորդին պետք է այնպես պատժի, որ այլևս երբեք չհամարձակվեն ներխուժել մեր տարածք: Tert.am-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանը միաժամանակ նշեց, որ պետք է պատրաստ լինել ցանկացած տիպի սադրանքի:


«Պետք է հասնել այն վիճակի, որ ընդհանրապես զոհեր չունենանք, պետք է պատժել արկածախնդիր հակառակորդին այնպես, որ այլևս երբեք չձեռնարկի նման քայլեր: Պետք է միջազգային դիվանագիտական բոլոր կապերով ազդել Ադրբեջանի վրա, որ դադարեցնի սադրանքները: Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր միակ ելքը անկախ Արցախի գոյությունը ճանաչելն է և Հայաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելը»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում հետ է շպրտվել նախահարձակ հակառակորդը, ապա ոչնչացվել իր դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել է ՊԲ  3 զինծառայողն, ևս 4 զինծառայող վիրավորվել է:


Վահան Շիրխանյանը նաև նշեց, որ ի տարբերություն վերջին տարիների, ակնհայտ է՝ այս տարի սահմանը աննախադեպ լարված է:

 

«Դա, մասնավորապես, կապված է երկու խնդիրների հետ: Նախ՝ Ադրբեջանը նման սադրանքներով միջազգային հանրությանն ուղղորդում է քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Արցախի դեմ, դրա համար էլ տարբեր քայլերի է դիմում ո՛չ միայն սահմանին, այլ նաև՝ գործի է դնում դիվանագիտական, տնտեսական կապերը, կաշառում մարդկանց: Երկրորդ հարցը կապված է Թուրքիայի շահերն սպասարկելու հետ: Հենց Թուրքիան է անվերջ դրդում, որ լարվածությունը սահմանին բարձրանա, քանի որ ինքն էլ իր հերթին ծանր խնդրի առաջ է կանգնած՝ Հայոց ցեղասպանության 100 -րդ տարելիցի հետ կապված: Թուրքիան փորձում է ամեն կերպ շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ խնդրից դեպի ղարաբաղյան կոնֆլիկտը»,-ասաց նա: