Ֆրանսահայ գիտնական Հարություն Գևորգյանի՝ Ցեղասպանության մասին գիրքը լույս է տեսել նաև ռուսերենով

17:23 • 01.04.15

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ արտասահմանյան անդամ, պատմաբան Ռեյմոնի՝ նույն ինքը ֆրանսահայ Հարություն Գևորգյանի «Геноцид армян. Полная история» գրքի շնորհանդեսը: Գրքի բնօրինակը ֆրանսերեն է, այն լույս է տեսել նաև անգլերեն ու թուրքերեն լեզուներով:


Շնորհանդեսին պատմաբան Աշոտ Մելքոնյանը ընդգծեց, որ շատ ճիշտ է ընտրված գրքի վերնագիրը, քանի որ այն իսկապես ներկայացնում է Հայոց ցեղասպանության ողջ պատմությունը:
 

«Գիրքը սկսում է ներկայացնելով հայ ժողովրդի արմատները ու բերում հասցնում մինչև Ցեղասպանություն: Գիրքը չի ավարտվում 1915թ-ի դեպքերի նկարագրությամբ, այստեղ տեղ են գտել մինչև 1920թթ-ի իրադարձությունները: Այստեղ ներկայացված են արժեքավոր փաստաթղթեր, որոնք հեղինակը գտել ու ուսումնասիրել է Ֆրանսիայում»,-ասաց նա:
 

Հեղինակը՝ Հարություն Գևորգյանը, նշեց, որ գիրքը կազմված է 6 մասից, որտեղ առաջին գիրքը սկսվում է հայ ժողովրդի ապրելակերպի և յուրաքանչյուր գավառի յուրահատկության նկարագրությամբ:
 

«Փորձել եմ վերլուծել ոճրագործի ու զոհի մտերմությունը, երկու ազգերի էլիտաների մտերմությունը, մշակույթի նմանությունը: Հայերի ցեղասպանությունը հազվագյուտ է, որ ոճրագործն ու զոհը այսքան մտերմություն են ունել»,-ասաց նա:
 

Նշենք, որ հեղինակը գրքում օգտագործել  է տարբեր երկրների արխիվներում պահպանված քիչ հետազոտված փաստաթղթեր:

 

Ֆրանսահայ գիտնական Հարություն Գևորգյանի՝ Ցեղասպանության մասին գիրքը լույս է տեսել նաև ռուսերենով