«Բախտաբեր»-ը վարկանիշով առաջին տեղում է. Սերիալի սցենարիստ
«Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Բախտաբեր» սերիալը վարկանիշով առաջին տեղում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բախտաբեր» սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանը:
Նա նշեց, որ «Բախտաբեր» սերիալն առանձնահատուկ է նրանով, որ սիրո պատմության վրա հիմնված մելոդրամա է: «Այստեղ սերը շատ ավելի ուժեղ եմ նկարագրել, քան իմ մյուս սերիալներում»,-ասաց նա և նշեց, որ իր կարծիքով՝ հնարավոր է՝ սերիալներում կամ նախագծերում կա այդ պակասը, և մարդիկ հանգիստ ու մարդկային հարաբերությունների վրա հիմնված բան են սպասում:
«Ես դեմ չեմ լարված տեսարանների, կրիմինալի, ես որևէ բանի դեմ չեմ, երբ գեղեցիկ է արվում, սակայն կարծում եմ, որ եթե կա էմոցիա, պատմություն, սեր, որը կառուցելուց կարող ես սոցիալական, խավերի խնդիր առաջ բերել, դա ևս կարող է աշխատել»,-ասաց նա:
Սցենարիստը նշեց, որ ինքն սկսել է սերիալը գրել սիրո պատմության հիման վրա, որն իր մեջ շատ մեծ սոցիալական խնդիր ունի:
Թեև սերիալի ավարտը դեռ գրված չէ, սական սցենարիստի համար հիմնականում այն պարզ է: Նա նշեց, որ սերիալները գրվում են՝ ունենալով որոշակի զարգացում, սակայն հետագայում շատ բաներ կարող են փոխվել` տեխնիկական կամ մարդկային գործոններով պայմանավորված, սակայն չես կարող չնախատեսված կտրուկ փոփոխություն անել: Նա հայտնեց, որ ամենայն հավանականությամբ՝ սերիալը մինչև տարվա վերջ կտևի:
Ինչ վերաբերում է հարցին, թե լինու՞մ են անհամաձայնություններ դերասանների հետ, նա ասաց, որ շատ հազվադեպ, սակայն քննարկումներ, շփումներ անպայման լինում են:
«Կարող եմ ասել՝ հավաքված են լավ դերասաններ, որոնց հետ աշխատելուց ես հաճույք եմ ստանում: Ես աշխատում եմ և՛ դերասանների խաղը, և՛ տեսարաններն ստեղծել այնպես, որ ստիպված չլինեն որևէ բան ասելով կամ անելով՝ որպես դերասան իրենց ցածր կամ վատ զգալ: Աշխատում եմ պահել երևանյան սովորական առօրյա լեզու, որը փողոցի ժարգոն չէ և ոչ էլ գրքային լեզու է»,-ասաց նա:










