Ցանկանում էինք Թուրքիայում համերգ տալ, բայց պատասխան չստացանք. System of a Down խմբի թմբկահար

19:17 • 12.04.15

Թուրքիայում ամենից քննարկվող ռոք խմբերից System of a Down-ն առաջին անգամ դեմ առ դեմ զրուցել է թուրքական մամուլի ներկայացուցչի հետ։ Խմբի թմբկահար Ջոհ Դոլմայանը պատասխանել է  BBC-ի թուրքական ծառայության հարցերին։

ԱՄՆ-ի ռոք խմբերից System of a Down (SOAD)-ը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ «Wake Up Souls» խորագրով համերգներ է տալու աշխարհի տարբեր կողմերում. գրում է BBC -ի թուրքական ծառայությունը։

Համերգային շրջագայության ընթացքում խումբն արդեն համերգ է տվել Լոնդոնում, որին մասնակցել են հազարավոր երկրպագուներ։

Ապրիլի 6-ից մեկնարկած շրջագայության ընթացքում խումբը լինելու է Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և ապրիլի 23-ին՝ Հայաստանում։ 

-Շրջագայության ընթացքում մտածե՞լ եք Թուրքիա այցելել։ 

-Շրջագայության շրջանակներում գալու էինք Թուրքիա։ Թուրք պաշտոնյաների հետ կապ հաստատեցինք, սակայն պատասխան չստացանք։ Այդ պատճառով էլ Թուրքիան դուրս մնաց շրջագայության երկրների ցանկից։ Մանրամասներին Սերժ Թանկյանն է ծանոթ։ 

-1998-ին Slayer անվանումը կրող խմբով Թուրքիա պետք է այցելեիք, բայց չեկաք, ի՞նչ տեղի ունեցավ։ 

-Մեզ խորհուրդ տվեցին անվտանգության նկատառումներով չմեկնել։ Մեր մենեջերները ցանկացան, որ չգնանք։ 

-Այդ ժամանակ է՞լ էիք կապվել թուրք պաշտոնյաների հետ։ 

-Ոչ։ Բայց եթե մեկնեինք, կարծում եմ խնդիր չէր լինի։ Ես անձամբ չէի անհանգստանում, քանի որ դրանից առաջ շատ թուրքերի էի ճանաչել և նրանցից չեմ վախենում։ 

-Ապագայում Թուրքիայում հանդես գալու մտադրություն ունե՞ք։ 

-Շատ կուզենայինք։ Նաև կցանկանայինք մեր թուրք երկրպագուներին տեսնել այլ վայրերում, ուր համերգներ ենք տալիս։ Վստահ եմ՝ Գերմանիայի համերգի ընթացքում շատ թուրք երկրպագուներ ենք տեսնելու։