«Ամենախելացին» նախագծի 2-րդ եթերաշրջանին կկարողանան մասնակցել նաև Արցախի դպրոցականները. նախագծի տնօրեն
Արդեն սկսվել է «Ամենախելացին» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի հայտագրումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հեռուստանախագծի տնօրեն Նվեր Ղազարյանը:
«Ապրիլի 13-ից մենք լինելու ենք ՀՀ բոլոր մարզերի մարզկենտրոններում և տեղի դպրոցներում կազմակերպելու ենք նախընտրական գրավոր և բանավոր քննությունները: Բոլոր այն աշակերտները, ովքեր ցանկանում են մասնակցել նախագծին, պետք է իրենց դպրոցներից վերցնեն հայտադիմումի օրինակը, լրացնեն իրենց տվյալները և ներկայացնեն հենց նախընտրական փուլի քննության օրը»,- ասաց նա: Ինչ վերաբերվում է Երևանի դպրոցներում և կրթահամալիրներում սովորող աշակերտների մասնակցությանը, ապա նա ասաց, որ Երևանի դպրոցականները պետք է գրանցվեն օնլայն` այցելելով www.armeniatv.am -ի «Ամենախելացին» բաժինը և լրացնեն հայտը:
Ի դեպ, երկրորդ եթերաշրջանում հեռուստադիտողները հնարավորություն կունենան նաև դիտելու ԼՂՀ դպրոցներում և կրթահամալիրներում սովորող աշակերտների խաղը: «Քանի որ արձագանքները բավականին մեծ էին, մենք որոշեցինք այս եթերաշրջանին ընդգրկել նաև Լեռնային Ղարաբաղի դպրոցականներին, և մայիս ամսին մեր խմբագրական և պրոդյուսերական անձնակազմը կլինի Արցախում և տեղում կկազմակերպի նախընտրական փուլեր, որից հետո ընտրված աշակերտները արդեն կմրցեն Երևանում»,- ասաց նա:
Նախագծի տնօրենը հայտնեց, որ երկրորդ եթերաշրջանը նախորդից տարբերվում է նաև նրանով, որ հարցաշարը կազմվելու է 14-15 տարիքային խմբի համար նախատեսված երեխաների մակարդակին համապատասխան, առարկաները լինելու են ավելի բազմաբովանդակ և ընդգրկուն: «Երկրորդ եթերաշրջանին կարող են մասնակցել հայտը լրացնելու պահին 14 տարեկանը լրացած և մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը 16-ը չբոլորած դպրոցականներ»,- նշեց նա:
Նվեր Ղազարյանն ասաց, որ առաջին եթերաշրջանի վերաբերյալ մարդկանց արձագանքները շատ դրական էին: «Շատ կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք գրավել մեծ հեռուստատեսային լսարան: Բոլոր կրթական հաստատություններում խոսում ու քննարկում են խաղի մասնակիցների գիտելիքները, հնարավորություններն ու հնարավոր թերացումները: Եվ եթե առաջին եթերաշրջանին մի քանի հազար մասնակից հայտագրվեց, քանի որ շատերը գուցե լավ չէին պատկերացնում խաղի ձևաչափը, ապա երկրորդ եթերաշրջանում սպասում ենք, որ տասնյակ հազարավոր երեխաներ են հայտագրվելու և իրենց ուժերը չափելու գիտելիքի ասպարեզում»,- ասաց նա:
Նա նկատեց, որ «Ամենախելացին» իսկապես այն եզակի հաղորդումներից էր, որ եկավ լրացնելու հեռուստատեսային դաշտում այն բացը, որը մինչ այդ կար, քանի որ մարդիկ սերիալներից, հումորային ու լրատվական հաղորդումներից զատ ցանկանում են տեսնել նաև ինտելեկտուալ հեռուստանախագծեր:
«Մեր աշխատանքի արդյունքն ավելի տեսանելի կլինի տարիներ անց, երբ այսօրվա հեռուստադեմքերը վաղը արդեն կլինեն առաջատար ուսումնական հաստատությունների շրջանավարտներ և իրենց ոլորտում կայացած անհատներ: Ոչ ֆորմալ կրթության այս ձևաչափը կլրացնի գիտելիքների այն պակասը, որը նրանք չեն հասցնում վերցնել դպրոցից և իրենց ուսուցիչներից, իսկ արդյունքում մենք կտեսնենք որակապես նոր աժեհամակարգ ու մտածողություն ունեցող երիտասարդների»,- եզրափակեց նա:










