Նարեկ Դուրյանի «Օպերացիա Նեմեսիս»-ը կրկին բեմում
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին ընդառաջ,Նարեկ Դուրյանը ներկայացնում է «Օպերացիա Նեմեսիս» փաստավավերագրական դրաման, որը հանդիսատեսի դատին կներկայացվի ապրիլի 18-ից մինչև ապրիլի 24-ը:
«Օպերացիա Նեմեսիս» ներկայացման հիմքում Սողոմոն Թեհլերյանի դատավարությունն է և հայոց Մեծ եղեռնի թեման, բայց, այստեղ շեշտը դրված է ոչ թե լացի, այլ հերոսական գաղափարի վրա:
Ոճրագործները իրենց իսկ երկրում դատապարտված լինելով մահապատժի,այնուամենայնիվ կարողանում են փախչել և թաքնվել եվրոպական տարբեր երկրներում, իսկ «Օպերացիա Նեմեսիս» գործողության հերոսները ընդամենը ավարտին են հասցնում չկայացած պատիժը:
Բեմում սուբյեկտիվ զգացմունքի և պատմական ճշգրիտ փաստերի կռիվն է: Տեսարանները արագ փոխվում են, շատ են շարժումն ու դինամիկան, բայց, այնուամենայնիվ դրանից նյութը չի կորցնում իր հուզականությունն ու ծանրությունը:
Այս ներկայացումը տարբերվում է ոչ միայն բովանդակությամբ, այլև մատուցման ձևով: Ներկայացումը հետաքրքիր է նաև նրանով, որ բեմում միաժամանակ տարբեր դարաշրջաններ են, և անցումները կատարվում են հետաքրքիր ու ճիշտ ընտրված երաժշտության ուղեկցությամբ,ինչպես նաև մնջախաղի դերասանների խաղի միջոցով հանդիսատեսը տեղափոխվում է տարբեր միջավայրեր: Հանդիսատեսի մոտ ստեղծվում է ճիշտ հոգեվիճակ:
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին,Նարեկ Դուրյանը անընդհատ ուղիղ կապի մեջ է հանդիսատեսի հետ` ներկայացմանը հաղորդելով որոշ չափով ինտերակտիվ բնույթ: Ողջ ներկայացման ընթացքում նա հանդես է գալիս որպես բեմադրիչ և բեմի վրայից ղեկավարում է ներկայացումը,ինչպես նաև պարբերաբար խոսում է արդիական ու մեզ համար ցավոտ խնդիրների մասին,միայն իրեն հատուկ թեթևությամբ,ինչն էլ իր հերթին էլ ավելի է ընդգծում խնդրի լրջությունը:
Սողոմոն Թեհլերյանի կերպարը մարմնավորում է տաղանդավոր դերասան Ավո Խալաթյանը: Նա կարողանում է խոսքի, հայացքի, ձայնի և ներքին ապրումների միջոցով ճշգրիտ փոխանցել այն հոգեվիճակը, որում եղել է Սողոմոն Թեհլերյանն այդ օրերին: Բացի Թեհլերյանի կերպարից Ավո Խալաթյանը նույն վարպետությամբ կերտում է նաև գերմանացի դատապաշտպանի կերպարը, ով ականատես չլինելով այդ սահմռկեցուցիչ իրադարձություններին, վկաների նկարագրություններից վերապրում է այդ ամենը և հանդես է գալիս ոչ միայն որպես Թեհլերյանի դատապաշտպան, այլ նաև որպես հայ ժողովրդի մի մասնիկ:
Թալեաթին մարմնավորող Սարգիս Գրիգորյանը իր խաղով կարողանում է համոզել հանդիսատեսին, որ ինքը թուրք Թալեաթ փաշան է, ով արտաքսվել է իր երկրից և ծպտված, ուրիշի անվան տակ ապրում է Գերմանիայում` ամեն վայրկյան մահվան վախը սրտում: Դերասանը հիանալի կերպով մարմնավորում է նաև գերմանացի դատախազի կերպարը, ով մեղադրում է Թեհլերյանին Թալեաթի սպանության մեջ:
Սարգիս Գրիգորյանը ցույց է տալիս այնպիսի համոզիչ և բարձրակարգ դերասանական խաղ, որ անգամ բացասական կերպարներ մարմնավորելիս, միևնույն է, հանդիսատեսը սիրում է նրան:
«Օպերացիա Նեմեսիսի» մեջ անչափ յուրօրինակ լուծում է պատմաբանի ներկայությունը,ում մարմնավորում է Գագիկ Ռոստոմյանը: Շատ կարևոր և միևնույն ժամանակ հետաքրքիր է, երբ ամեն տեսարանից առաջ և հետո,բեմից հնչում են արդեն իսկ հաստատված, ազգությամբ ոչ հայ պատմաբաններից մեջբերված պատմական փաստեր:
Ներկայացման բոլոր կանացի կերպարները մարմնավորող Քրիստինե Հովհաննիսյանին թերևս բաժին է հասել ամենաբարդ գործը: Նա ներկայացնում է միանգամից 5 կանանց, ովքեր այս պատմության մեջ որևէ դեր են ունեցել, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր մեծ, ներքին դրաման: Այս կանայք ծայրահեղ տարբեր են իրարից: Քրիստինե Հովհաննիսյանի կերպարները միմյանցից տարբերվում են թե բնավորությամբ, թե տարիքով, թե ազգությամբ, բայց, այնուամենայնիվ դա չի խանգարում տաղանդաշատ դերասանուհուն յուրաքանչյուր դերը մատուցել յուրովի հետաքրքիր: Նա կարողանում է փոխանցել իր ապրումները և հուզել հանդիսատեսին:
«Օպերացիա Նեմեսիս» ներկայացումը արդեն 3 տարի է, ինչ հանձնվել է հանդիսատեսի դատին, 3 տարի է, ինչ խաղացվում է լեփ-լեցուն դահլիճներում և հանդիսատեսը թատրոնից դուրս է գալիս տպավորված ու ոգեշնչված:
Այս ներկայացումն ունի իր կարևոր առաքելությունը՝ երիտասարդներին ծանոթացնելու իրենց նախնիներին՝ հերոսական տեսանկյունից, չէ որ, «Օպերացիա Նեմեսիս» գործողության անձնազոհ վրիժառուները կանգ չառան ոչնչի առջև և մինչև վերջ իրականացրեցին ոճրագործներին պատժելու արդար ծրագիրը:
Եվ շատ կարևոր մի փաստ ևս՝ «Նեմեսիս» օպերացիայի իրականացման ընթացքում ոչ մի կին,ոչ մի երեխա, ոչ մի պատահական անցորդ չի տուժել:
Անցել է արդեն 100 տարի, բայց ոչինչ և ոչ ոք չի մոռացվել:
Հիշում ենք ու պահանջում:
Դերերում՝ Նարեկ Դուրյան, Ավո Խալաթյան, Սարգիս Գրիգորյան, Քրիստինե Հովհաննիսյան, Գագիկ Ռոստոմյան:
Բեմադրությունը՝ Նարեկ Դուրյանի:
Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան:










