Հայտնվել է իսլամիստների կողմից հնագույն Նիմրուդ քաղաքը ոչնչացնելու նոր տեսագրություն (լուսանկարներ, տեսանյութ)
Համացանցում տարածվել է նոր տեսանյութ, որը պատկերում է, թե ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գազանաբար ոչնչացնում մ.թ.ա. 13-րդ դարում կառուցված հնամենի Նիմրուդ քաղաքի ավերակները:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Իրաքի հյուսիսում գտնվող ասորական քաղաքը գրոհայիններն ավերել են ինքնաշեն ռումբերով, մուրճերով ու բուլդոզերներով:
Յոթ րոպե տևողությամբ նորահայտ տեսանյութում երևում է, թե ինչպես են իսլամիստները ոչնչացնում առնվազն 3.000 տարվա պատմություն ունեցող հուշարձաններն ու փորագրությունները:
«Աստված մեզ պատվիրել է ավերել Ալլահի փոխարեն երկրպագվող բոլոր կուռքերի արձանները»,-տեսանյութում ասում է գրոհայիններից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գրոհայինները մշակութային աններելի այս հանցանքն իրագործել են անցած ամիս: Հնագույն բնակավայրի նկատմամբ իրականացված այս վայրագությունն ուղղակի ապշեցրել է հնագետներին, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը տեղի ունեցածը «պատերազմական հանցագործություն է» որակել:














