Մեր երաժշտությունը կորցրել է իր մեղեդայնությունը. Թոքմաջյան
Ազգային մշակույթի և, մասնավորապես, երաժշտության մասին պատկերացումներն ու ձևակերպումները խիստ անհատական են։ Անհատական է նաև քանդակագործ Լևոն Թոքմաջյանի տեսակետն «ազգային մշակույթ» հասկացության մասին։
«Դեռ տարիներ առաջ մեր ազգայինը էականորեն տարբերվում էր։ Այսօր թուրքական ու արաբական մեղեդիները շատ են եկել ու մտել մեր երաժշտամտածողության մեջ։ Ինձ համար անհասկանալի է մնում, թե որն է մեր ազգայինը։ Կարծում եմ, որ ազգայինը մեր հոգին է»,-ասաց քանդակագործ Թոքմաջյանը։
Ազգային արժեքների ոչ այնքան արդիական լինելու պատճառները Թոքմաջյանը տեսնում է ժամանակի ընթացքի մեջ, բայց երիտասարդ սերնդին չի մեղադրում, քանի որ այս երևույթը համարում է աշխարհի թելադրանքը։
«Այսօր ավելի զարգացած է փոփ երաժշտությունը։ Այն համաշախարհային ճաշակ է, որ ազգերին ձուլում է իրար։ Հավանաբար, դա է պատճառը, որ այսօր մեր երաժշտությունը կորցրել է իր մեղեդայնությունը։ Ազգային երաժշտությունն այն է, որ քեզ պետք է առանձնացնի մյուս ազգերից քո մեղեդիներով։ Հազար ու մի երգեր կան հիմա, բայց դրանց մեջ այնքան քիչ է հայկականը։ Թվում է, թե հայերեն երգ է ու հայ մարդ է կատարում, բայց արի ու տես՝ ոչ մի հարազատ բան»,- ասաց նա։
Որքան էլ որ հետևանքները մեզ համար «ցավոտ» են, բայց, միևնույնն է, պետք է փնտրել պատճառները։ Քանդակագործը կարծում է, որ առաջին պատճառներից մեկը միջազգային մրցույթներն են։
«Չեմ սիրում այդ մրցույթները։ Չափազանց շատ է ազդում օտար մելիզմատիկան մեր երգարվեստի վրա։ Հատկապես այդ «Եվրատեսիլ» մրցույթը։ Ես զզվանքով եմ լսում այդ համերգի ժամանակ հնչած երգերը։ Բոլոր երգերը իրար նման են։ Այդ մրցույթում հետաքրքիր են ներկայանում այն երկրները, որոնք պահպանել են իրենց ազգայինը»,-ասաց Թոքմաջյանը և հավելեց, որ իրեն շատ է անհանգստացնում հատկապես այն փաստը, որ ազգային դիմագծի պահպանման գործում աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։
«Հայկական ազգային երաժշտության պահպանության ուղղությամբ կատարվող բոլոր աշխատանքներն իրականացվում են անհատների կողմից, բայց այդ անհատներն էլ հոգնեցին։ Այդ աշխատանքն իրականացնելու համար հսկայական ներուժ, ցանկություն ու տաղանդ է անհրաժեշտ։ Այսօր բոլորն ուզում են հեշտ ճանապարհ ընտրել։ Ամեն գեղեցիկ բան վերածվել է իսկական շոուի, իսկ շոու անողներին չեմ մեղադրում, քանի որ երիտասարդության համար այսօր թիվ մեկ զբաղմունքը դարձել է խեղկատակությանը հետևելը»,-ասաց Թոքմաջյանը։










