«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հատուկ ծրագիր կիրականացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կանցկացվի հատուկ ծրագիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ընթացքում կցուցադրվեն 1950-ական թվականներից մինչ օրս ցեղասպանությունների մասին պատմող մի շարք ֆիլմեր:
Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերի բաժնի համակարգող Վարվարա Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ցուցադրվելու են թե՛ հայ, թե՛ օտարերկրյա ռեժիսորների ֆիլմեր, սակայն դրանց անունները դեռևս վերջնական հստակեցված չեն։
«Այդ ֆիլմերը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին են լինելու, այլ նաև աշխարհում տարբեր ժամանակներում տեղի ունեցած ցեղասպանությունների: Դրանք գերմանացի, թուրք և այլազգի կինոռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր են»,-ասաց նա:
Հարցին, թե փառատոնին ցեղասպանության թեմայի շուրջ նոր ֆիլմեր ներկայացվելո՞ւ են, նա պատասխանեց, որ հայկական մի քանի նոր ֆիլմեր կան, բայց այլ երկրներից նման հայտ չեն ստացել:
«100-ամյակի հետ կապված մի քանի ֆիլմեր նկարահանվել են՝ հիմնականում դոկումենտալ ու կարճամետրաժ»,-ասաց նա:
Իսկ թե ինչ հայտնի ռեժիսորներ այս տարի կմասնակցեն փառատոնին, Վարվարա Հովհաննիսյանը նշեց, որ բանակցությունները հյուրերի հետ նոր են սկսվել և դեռևս ոչինչ ասել չի կարող:










