Մոսկվայի կոնսերվատորիայում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել
Համերգը, որը կայացել է Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահում, կարելի է անվանել հիշատակի երեկո։ Ողբերգական իրադարձությունները, որոնց նվիրված է եղել համերգը, կատարվել են 1915-ին Օսմանյան կայսրությունում։ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է աշխարհի շատ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից, գրում է tvkultura.ru-ն։
Համերգի հատուկ հյուրն է եղել դուդուկահար Ջիվան Գասպարյանը։ «Գիտե՞ք՝ քանի կին, երեխա են սպանել, նետել գետը։ Շատ։ Երբ իմ տատիկը պատմում էր, ես փշաքաղվում էի»,- պատմել է երաժիշտը։
Երեկոյի ընթացքում բեմում է եղել նաև դաշնակահար Վազգեն Վարդանյանը։ Համերգը սկսվել է Կոմիտասի «Վեց պար» ստեղծագործությամբ։
Համերգի հատուկ հյուր Ջիվան Գասպարյանը չի բաժանվում իր դուդուկից արդեն 70 տարի, գրում է աղբյուրը։ Երաժիշտը նշում է, որ իր կյանքի ընթացքում 20.000 համերգ է տվել, նույնիսկ Ստալինի առաջ է ելույթ ունեցել։ Հենց Գասպարյանն է արևմտյան քաղաքակրթությանը ծանոթացրել դուդուկի հետ։
«Նման ձայն այլ տեղ չկա։ Միայն նա ունի այդպիսի ձայն՝ դա տղամարդկային ոգին է, դա աղոթք է»,- ասել է Գասպարյանը։










