Մոսկվայում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ներկայացում կցուցադրվի՝ Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ
Մոսկվայում 2015թ. ապրիլի 19-ին Ռուսաստանի հայերի միությունը՝ ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների խորհրդի և Մոսկվայի կառավարության աջակցությամբ, կներկայացնի «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացում-ակցիան, որի բեմադրությամբ զբաղվել է Մոսկվայի հայկական թատրոնը, գրում է sarinfo.org-ը։
Վավերագրական դրամայի հիմքում հայտնի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի համանուն պիեսն է, որը Սողոմոն Թեհլերյանի մասին է։
Ներկայացման մեջ խաղում են հայտնի դերասաններ Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրներից։ Մասնակցում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Ալեքսեյ Պետրենկոն, Յուրի Նազարովը, Ալեքսեյ Շեյնինը, Ալեքսեյ Գոլոբորոդկոն, Ալեքսանդր Կորշունովը, Դմիտրի Խառատյանը, Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Օլգա Կաբոն, Ալեքսեյ Սեմչովը և Դանիիլ Սպիվակովսկին։ Բեմադրիչ-ռեժիսորն է Սլավա Ստեփանյանը։
Կհնչի Կոմիտասի, Ժան Բատիստ Լյուլիի, Գուստավ Մալերի, Գիա Կանչելիի երաժշտությունը։ Ներկայացման ընթացքում կօգտագործվեն վավերագրական արխիվային տեսանյութեր և լուսանկարներ։










