Թուրքիան իր ազդեցությունն ու փողերն օգտագործում է իր ժխտողական քաղաքականությունն իրականացնելու համար. Սերժ Թանկյան

17:29 • 15.04.15

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Spin ամսագրին տված հարցազրույցում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Wake Up the Souls» շրջագայության առիթով խոսել է նաև Ցեղասպանության մասին:

 

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք դժվար էր մի կողմ դնել խմբում առկա տարաձայնություններն այդ գործի համար՝ Թանկյանը պատասխանել է. «Մեր տարաձայնություններն ավելի շատ կապված էին նրա հետ, թե ինչպես հասնենք դրան, այլ ոչ թե անենք դա, թե ոչ»:

 

«Մեզ հնարավորություն է տրվել առաջին անգամ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգ տալ Հայաստանում և օգտագործել տրված հնարավորությունը մարդկանց դաժան հանցագործության մասին իրազեկելու, Թուրքիայի ամոթալի ժխտման և անցյալի հանցագործությունների համար արդարության հասնելու համար: Նյուրնբերգյան դատավարությունը, ՄԱԿ-ի Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան և ողջ աշխարհում տասնյակ հանձնաժողովներ բավարար չեն եղել դադարեցնելու ցեղասպանությունները մեր կյանքի ընթացքում: Չկան մեխանիզմներ նման ռեժիմն իր դաշնակիցներից մեկուսացնելու համար: Շատ գործ կա դեռ անելու»,- ասել է Թանկյանը:

 

Մենակատարը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա մեծացել է քաղաքականապես ակտիվ ընտանիքում, պատասխանել է, որ ոչ և նշել, որ իր ծնողները շատ քաղաքականացված չեն եղել:

 

«Ակտիվիզմի իմ անցումը տեղի ունեցավ «ժողովրդավարության» (ԱՄՆ-ի) կեղծավորության արդյունքում, որն օգտագործում է Առաջին համաշխարհային պատերազմի ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ Թուրքիայի հետ հարաբերությունների համար: Դա բացեց իմ աչքերը ողջ աշխարհում տեղի ունեցող այլ անարդարությունների հանդեպ»,- ասել է Թանկյանը:

 

Նա խոսել է նաև «1915» ֆիլմի մասին և նշել, որ այն յուրահատուկ հոգեբանական թրիլեր է, որի թեման է կորստի տրավման և շարունակական ցավը, որ ցեղասպանության ժխտումը կարող է բերել վերապրածների երեխաներին: Թանկյանը խոստովանել է, որ ինքը հաճույքով է երաժշտություն գրել ֆիլմի համար՝ խորասուզվելով մեղեդիների և գույների մեջ, որոնք նախկինում հազվադեպ է օգտագործել:

 

«Տխուր ճշմարտությունն այն է, որ Թուրքիայի կառավարությունն իր ազդեցությունը և փողերն օգտագործում է իր ամոթալի ժխտողական քաղաքականությունն իրականացնելու և պատասխանատվությունից խուսափելու համար, որպեսզի փոխհատուցումներ չտրամադրի զոհերին»,- ասել է երաժիշտը:

 

Թանկյանը նշել է, որ Թուրքիան այնպես է արել, որ դեռ սենատոր եղած ժամանակ Բարաք Օբաման, ով քննադատում էր Ջորջ Բուշին «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար, նույնպես չօգտագործի այդ բառը նախագահ դառնալուց հետո:

 

«Ցեղասպանությունը չպետք է երբեք օգտագործվի որպես քաղաքական կապիտալ այս կերպով դաշնակցին հանդարտեցնելու համար: Դա բարոյապես դատապարտելի է և ծառայում է Թուրքիայում ցեղասպանության և այլ խնդիրների շուրջ արդարության կոչ անող համարձակ ձայներին լռեցնելու համար: Մենք դրա դեմ ենք պայքարում»,- ասել է նա:

 

Թուրքիան իր ազդեցությունն ու փողերն օգտագործում է իր ժխտողական քաղաքականությունն իրականացնելու համար. Սերժ Թանկյան