«Ավատար» ֆիլմի հետ կապված Ջեյմս Քեմերոնին ներկայացված մեղադրանքները չեղարկվել են
Համաշխարհային կինեմատոգրաֆում կոմերցիոն առումով ամենամեծ հաջողությունը գրանցած ֆիլմի՝ «Ավատարի» հիմքում դրված գեղարվեստական կոնցեպտը պլագիատ չէ և ամբողջությամբ պատկանում է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին, հաղորդում է ТАСС-ը:
Այս որոշումն է չորեքշաբթի օրը կայացրել ԱՄՆ վերաքննիչ դատարանը դիզայներ և համակարգչային գրաֆիկայի մասնագետ Ջերալդ Մորավսկու հայցի առնչությամբ: Նա պնդում էր, որ Քեմերոնն «օգտվել է իր գաղափարներից՝ «Ավատար» ֆիլմի սցենարը և կերպարները ստեղծելու ժամանակ»:
Վերաքննիչ դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որը 2013 թվականի փետրվարին մերժել է Մորավսկու հայցը և հերքել գրագողության համար Քեմերոնի հասցեին նրա մեղադրանքները: Հայցը Մորավսկին ներկայացրել է 2011 թվականի դեկտեմբերին Կալիֆորնիա նահանգի դատարանում: Նա պահանջում էր մոտ 700 միլիոն դոլարի չափով փոխհատուցում:










