Այստեղ ոսկի է թաքնված. RFI-ի հատուկ ռեպորտաժը Բիթլիսից (լուսանկարներ)
Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Բիթլիս քաղաքում ապրիլի 22-ին Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի հետ համագործակցությամբ Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողով կանցկացվի։ 1915-ին Բիթլիսում սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Ֆրանսիական միջազգային ռադիոյի (RFI) հատուկ թղթակիցը մեկնել է Վիլյամ Սարոյանի հայրենի քաղաք՝ իմանալու, թե ինչ է կատարվել հայկական եկեղեցիների, գերեզմանների, տների հետ և ինչ է հայկական ոսկու մասին առասպելը։
Ապակու կտորներ, կանաչով ծածկված պատեր և առանց տանիքի խարխուլ կառույցներ՝ ահա, թե ինչ է մնացել Բիթլիսում հայկական հին տներից։ «Տեղի բանտը, դպրոցը, մարզադաշտը՝ ամեն ինչ կառուցված է հայկական գերեզմանների վրա»,- տխուր ասում է 34-ամյա քուրդ լրագրող Բարզանը։
«Ես երկար ժամանակ աշխատել եմ արխիվների հետ, և երբ պարզեցի, որ այստեղ նախկինում եղել են հայկական գերեզմաններ, շատ տխրեցի, քանի որ փոքր տարիքում ես էլ եմ այս մարզադաշտում ֆուտբոլ խաղացել։ Իշխանությունները հենց այնպես չեն ընտրել այս վայրերը։ Գերեզմանների ոչնչացումն անցյալը ջնջելու լավագույն միջոցն է։ Չէ՞ որ դրանք վկայում են այն մասին, որ այստեղ մարդիկ են ապրել»,- պատմել է Բարզանը։
Արդեն մի քանի տասնամյակ է՝ Թուրքիայի արևելյան շրջաններում «ոսկու տենդ» է սկսվել։ Գանձ որոնողներն ասում են, որ, լքելով իրենց տները, հայերը թաքցրել են թանկարժեք իրերն այն հույսով, որ վերադառնալու են։ Այստեղ հայերի ոսկու մասին առասպելները փոխանցվում են բերնեբարան, իսկ դրանք որոնողները պղծում են գերեզմաններն ու եկեղեցիները։
Բիթլիսից հյուսիս-արևելք գտնվում է Դեղիրմենալթը գյուղը, որտեղ նախկինում ապրել են հայեր, իսկ գյուղը կոչվել է Բոր։ Այնտեղ տանող ճանապարհը փորձությունների ուղի է։ Ճանապարհ չկա, միայն աղբ և քարեր։
«Այստեղ ոսկի կա թաքնված։ Ես գիտեմ, սակայն գյուղի բնակիչները՝ ոչ։ Եթե նրանք այդ մասին իմանան, գյուղում մեծ իրարանցում կսկսվի։ Մարդիկ կգան զենքերով»,- շշնջում է 56-ամյա տեղացի Մաշալան՝ մատնանշելով Սուրբ Անանիայի կիսաքանդ վանքը։
Ամբողջական հոդվածն՝ այստեղ։


















