Աճուրդում 137.000 դոլարով վաճառվել են Ֆրիդա Կալոյի սիրային նամակները (լուսանկարներ)
Նյու Յորքում անցկացված աճուրդում վաճառվել են նկարչուհի Ֆրիդա Կալոյի սիրային նամակները, գրում է buro247.ru-ն։
Կալոյի ամուսինն է եղել նկարիչ Դիեգո Ռիվերան, սակայն սիրային նամակները նա ուղարկել է ուրիշին։ Doyle աճուրդում վաճառքի հանված նամակագրությունը կազմված է 25 նամակից, որոնք ուղղված են կատալոնացի նկարիչ և Կալոյի սիրեկան Խոսե Բարտոլիին, ում հետ նա ծանոթացել է Նյու Յորքում։
Նամակները գրվել են 1946-1949թթ. և պարունակում են շատ անձնական տողեր՝ գրված նկարչուհու ձեռքով։ Ինչպես խոստովանել է Կալոն այդ գրառումներում, ինքը վախեցել է, որ նամակները Բարտոլիին չափազանց մանկամիտ և հիմար կթվան։
1946-ի հոկտեմբերին Ֆրիդան դիմել է իր սիրեկանին հետևյալ խոսքերով՝ «Իմ Բարտոլի։ Ես չգիտեմ՝ ինչպես գրել սիրային նամակներ։ Սակայն ես ցանկանում եմ ասել, որ իմ ամբողջ էությունը բաց է քեզ համար։ Այն պահից, ինչ սիրել եմ քեզ, ամեն ինչ փոխվել է և գեղեցկությամբ լցվել։ Սերը նման է բույրի, հոսանքի հարվածի, անձրևի։ Գիտես, իմ երկինք, դու կարծես անձրև լինես, որ թափվում ես ինձ վրա, իսկ ես, ինչպես հողը, կլանում եմ քեզ»,- գրել է Կալոն։
Նկարչուհու նամակները պահվել են Բարտոլիի մոտ մինչ 1995-ին իր մահը, իսկ դրանք վաճառելու որոշումը կայացրել են նրա բարեկամները։
Փորձագետները նմուշը գնահատում էին 80-120.000 դոլար, իսկ վաճառվել է 137.000 դոլարով։
![]()











