Այդքան կարևորություն մի տվեք՝ ով է գնում Գալիպոլի, ով Ծիծեռնակաբերդ. թուրքական «Զաման» պարբերականի լրագրող

13:11 • 22.04.15

Թուրքական «Զաման» պարբերականի ֆոտոլրագրող Սելահաթիմ Սերին, ով այսօր լուսաբանում էր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի աշխատանքները, հայ լրագրողների հետ զրույցում առաջարկեց չկենտրոնանալ` ով է գալիս Ծիծեռնակաբերդ, ով՝ Չանաքքալե:


«Կարծում եմ՝ պետք չէ շատ ավելի մեծ կարևորություն տալ, քանի որ այնպիսի մարդիկ են գնալու, որ որևէ  ճակատագրական նշանակություն չեն կարող ունենալ։ Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ Օբաման, որ ամենակարևոր ֆիգուրն է այս պարագայում, ո՛չ այստեղ է լինելու, ո՛չ Թուրքիայում։ Միակ անակնկալը, որ եղավ, Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ ունեցող  Ռուսաստանի  Նախագահի այցն էր Երևան»,- հայտարարեց թուրք ֆոտոլրագրողը:
 

Ի պատասխան հարցի, թե այստեղ է, որովհետև ընդունո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թուրք ֆոտոլրագրողը նկատեց, որ ինքը այստեղ է եղել 15 օր առաջ էլ և «հատկապես 100-րդ տարելիցի համար չի եկել»:


Նա նաև ավելացրեց. «Եվ կարծում եմ, որ մեր՝ լրագրողներիս  առաքելությունը ոչ թե ճիշտ-սխալ կողմերը գտնելը պետք է լինի, այլ պարզապես դիմացի հասարակությանը փոխանցել այն ամենը, ինչ մտածում է մյուս, դիմացի հասարակությունը: Այսինքն, եթե մենք կարողանանք ճշգրտորեն փոխանցել այն մտքերը, որ հասարակությունը ունի, որով մտածում է, այդ ժամանակ ամեն ինչ ճիշտ կլինի»:

 

Ի պատասխան, թե Հայոց ցեղասպանության հարցում ի՞նչ է մտածում Թուրքիայի հասարակությունը, «Զամանի» ֆոտոլրագրողը նկատեց. «Ես գալիս եմ մի երկրից, որտեղ 80 միլիոն բնակչություն կա, և հասարակության շերտերը շատ տարբեր են, նույնիսկ կուսակցական իմաստով շատ տարբեր են: Այնպես որ, որևէ կերպ ասել, թե ինչ է մտածում այդ երկրի հասարակությունը, շատ դժվար կլինի, բայց ես այստեղ եմ՝ հասկանալու, թե ինչ է մտածում հայ հասարակությունը»:


Թուրք ֆոտոլրագրողը դիվանագիտական պատասխան տալով՝ խուսափեց պատասխանել, թե այդ հարցի հետ կապված ինչ է մտածում անձամբ. «Ես իմ պատասխանին չեմ ուզում խառնել այն, որովհետև ես այստեղ գտնվում եմ որպես լրագրող և ավելի շուտ այստեղ եմ ոչ թե իմ տեսակետը հայտնելու, այլ վերցնելու այն ամենը, ինչ իմ շուրջը կատարվում է: Միակ բանը, որ կարող եմ ասել, որ ոչ թե ինձնից հարցրեք, այլ ինքներդ եկեք Թուրքիա և պարզեք»:
 

Պատասխանելով հաջորդ հարցին, թե  Հռոմի Պապի պատարագից, Եվրոպական խորհրդարանում ընդունած բանաձևից թուրք հասարակության մեջ ինչ-որ փոփոխություն կա՞, նա նկատեց, որ Պապի հայտարարությունը նպաստեց նրան, որ թուրքական հասարակության մեջ ավելի մեծ հատված լսի և խոսի այդ մասին:

 

Այսինքն՝ մամուլի անդրադարձներից հետո, ըստ «Զամանի» լրագրողի բացատրության, այս հարցը հասարակության օրակարգում է: