«Genealogy»-ին ԵՊԼՀ-ում դիմավորեցին աղ ու հացով. Գոհար Գասպարյանը շոուից գաղտնիք բացեց

14:51 • 04.05.15

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբն այսօր հյուրընկալվել էր Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում:


Նրանց Համալսարանի մուտքի մոտ դիմավորեցին ուսանողները՝ աղ ու հացով, իսկ հետո կրծքանշան ամրացրին: Մինչ խմբի անդամները կհասնեին դահլիճ, միջանցքներում ուսանողները հասցրեցին բոլոր անդամներին հետ «սելֆի» անել:


Իսկ արդեն դաhլիճում տեղ չկար՝ անգամ կանգնելու համար:

 

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հանդիպմանը նշեց, որ ուսանողների հետ նմանատիպ հանդիպումները ոգևորող են խմբի համար, իսկ հետո պատմեց, թե ինչպես է հղացել 6 հոգանոց խումբ ստեղծելու գաղափարը:

 

«Այս գաղափարը մենք ունեցել ենք տարիներ շարունակ, շատ ենք ցանկացել սփյուռքահայությանը համախմբել Եվրատեսիլի միջոցով, և դրա համար 2015-ը ամենահարմարն էր: Այս տարի Սփյուռքի տարին է, այս տարին ամբողջ հայության տարին է, և անչափ կարևոր է մեր միասնությունը ցույց տալ ամբողջ աշխարհին և ուրույն ասելիքով հանդես գալ: Մի փոքր դժվարացանք աշխարհագրության հարցում, որովհետև մի բան է ուղղակի սփյուռքահայերին հավաքել, մի բան է 5 աշխարհամասերից հավաքել: Աֆրիկայից երգիչ գտնելը այնքան էլ հեշտ չէր, նույնը կասեմ նաև Ճապոնիայի դեպքում: Ասիայից կարող էինք այլ մասնակիցների գտնել, բայց ես մտածեցի, որ շատ ավելի հետաքրքիր ու նորություն կլինի բացահայտում անելը: Մյուս մասնակիցներին քիչ թե շատ ճանաչում էինք»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ խումբը ներկայացնում են Եվրոպայից Եսայի Ալթունյանը, Ամերիկայից՝ Թամար Կապրելյանը, Աֆրիկայից՝ Վահե Թիլբյանը, Ավստրալիայից՝ Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը, Ասիայից՝ Ստեֆանի Թոփալյանը և Հայաստանից՝ Ինգա Արշակյանը։ Նրանք միասին կներկայանան «Face the shadow» (Առերեսվիր ստվերին) երգով։
 

Ուսանողները Գոհար Գասպարյանից հետաքրքրվեցին երգին զուգահեռ ցուցադրվելիք շոուի մանրամասներով: Ի պատասխան Գոհար Գասպարյանն ասաց, որ ավելի շատ բեմում տրամադրություն են ստեղծելու լույսերի, որոշակի ընդհանուր շարժումների միջոցով:


«Դուք կզգաք հայկական շունչը բեմում: Բացեմ մի փոքր գաղտնիք՝ հայկական էլեմենտներ կլինեն հագուստի մեջ»,-ասաց նա և ավելացրեց, որ շատ դժվար է այդ երեք րոպեների ընթացքում բոլորին ցույց տալ կադրում:

 

Նշենք, որ ուսանողները փորձում էին յուրաքանչյուր մասնակցի հետ խոսել իրենց լեզվով: Անգամ ճանպոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանը զարմացավ և ուրախացավ, երբ ուսանողներից մեկը իրեն հարցն ուղղեց ճապոներենով:

 

Ուսանողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնի դարձավ, որ Աֆրիկան ներկայացնող Վահեի սիրտը ազատ է: Վահեն բացահայտումից կարմրեց ու ասաց, որ ամաչում է:

 

Հանդիպումից հետո մասնակիցների գնացին շարունակելու նախապատրաստվել մրցույթին:

 


 

«Genealogy»-ին ԵՊԼՀ-ում դիմավորեցին աղ ու հացով. Գոհար Գասպարյանը շոուից գաղտնիք բացեց