Հայոց ցեղասպանության միջոցառումների ուղղություններից ֆիլմարտադրության փաթեթի հովանավորը Սամվել Ալեքսանյանն է. Վիգեն Սարգսյան

17:04 • 04.05.15

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսին առանձնակի շնորհակալություն հայտնեց այն մեկենասներին, որոնց աջակցությամբ հնարավոր է եղել իրականացնել և դեռ առաջիկայում կիրականցվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: 


«Բոլոր միջոցառումներն իրականացվել են մասնավոր նվիրատուների հաշվին, այսինքն՝ դրանց վրա չեն ծախսվել պետական բյուջեի միջոցներ, և  բոլոր ծրագրերն ունեն իրենց հետևում կանգնած հարգանքի և երախտագիտության  արժանի անձինք, ովքեր մեկ զանգով, մեկ կոչով ու մեկ միջնորդությամբ  արձագանքել են պետական հանձնաժողովի կոչին, և յուրաքանչյուրը ստանձնել է  մի ուղղություն՝ սկսած  գրահրատարակչությունից, որն ամբողջությամբ մեկ հովանավորի ջանքերով է իրականացվում, մինչև  ֆիլմարտադրություն, որը նույնպես մեկ հովանավորի ջանքերով կիրականացվի»,-ասաց նա:


Վիգեն Սարգսյանի խոսքով՝ սկսած System of a Down-ի համերգից մինչև սրբադասման արարողություն՝ յուրաքանչյուրի միջոցառման հետևում կանգնած է մի շատ արժանի հայորդի: «Ում մեկենասությունը նման ծրագրերի շարժիչ ուժն էր»,-ասաց նա և նշեց, թե չի ցանկանում որևէ մեկի անունը տալ և առանձնացնել:


Այդուհանդերձ լրագրողները պնդեցին, թե նշվեն գոնե ֆիլմարտադրության և գրահրատարակչության ոլորտներում մեկենաս անձանց անունները:

 


«Մի փոքր խախտվում է հավասարության սկզբունքը, քանի որ պետք է ասել մյուս հովանավորներին, բայց քանի որ հարցը հստակ է, ապա նշեմ, որ կինոարտադրության ամբողջ փաթեթը  ստանձնել է պարոն Սամվել Ալեքսանյանը: Գրահրատարակչության ոլորտում այս պահին դեռևս բանակցությունները շարունակվում են, և դրա համար անունը չեմ հրապարակի, բայց ևս մեծ ընկերություն է, որը Հայաստանում զբաղվում է  հանքարդյունաբերությամբ»,-նշեց նա:

 

Հայոց ցեղասպանության միջոցառումների ուղղություններից ֆիլմարտադրության փաթեթի հովանավորը Սամվել Ալեքսանյանն է. Վիգեն Սարգսյան