Իրինա Ալեգրովայի համերգի տոմսարկղերից գնված տոմսերը կվերադարձվեն համեգից մի քանի օր անց

21:20 • 15.05.15

Բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանա մայիսի 23-ին գնալ ռուսական էստրադայի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգին, սակայն ունեն տոմս, կկարողանան դրանք վերադարձնել համերգից հետո: Tert.am-ի հետ զրույցում Forpostart prodaction ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Զառա Մխեյանը միաժամանակ ընդգծեց, որ խոսքը վերաբերում է միայն այն տոմսերին, որոնք գնվել են տոմսարկղերից:

 

«Չեն վերադարձվելու այն տոմսերի գումարները, որոնք գնել են կազմակերպություններ ու նվիրել, օրինակ, իրենց աշխատողներին: Տոմսարկղերից գնված տոմսերի գումարն էլ նույն տոմսարկղերը չեն կարող հետ վերցնել, որովհետև իրավաբանորեն պատասխանտուն միայն մենք ենք: Համերգից հետո մայիսի 25-ին մեր կայքում նորությունների բաժնում կտեղադրենք տեղեկատվություն, թե որ օրը և որտեղից քաղաքացիները կարող են գալ ու վերադարձնել տոմսերը»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ Իրինա Ալեգրովայի համերգը պետք է կայանար մարտի 6-ին, սակայն նույն օրը հետաձգվեց երգչուհու անառողջ լինելու պատճառով: Հայտարարվեց, որ համերգը տեղի կունենա ապրիլի 6-ին, սակայն որոշ ժամանակ անց ևս մեկ անգամ հետաձգվեց և նշանակվեց մայիսի 23-ին: Այս ընթացքում շատերը բարձրաձայնեցին, որ չեն կարողանում տոմսերը վերադարձնել:

 

Զառա Մխեյանը նշեց, որ երբ պարզ դարձավ, որ Իրինա Ալեգրովան չի կարող երգել, որոշեցին համերգը հետաձգել ուղիղ մեկ ամսով, սակայն հետագայում էլ պարզվեց, որ Համալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով անցկացվող միջոցառումների հետևանքով մինչև մայիսի 15-ը որևէ այլ միջոցառում չի կարող անցկացվել՝ յուրահատուկ ձևավորման պատճառով:

 

«Ցեղասպանության առիթով տեղադրված դեկորները միայն այսօր են ապամոնտաժվելու, այդ պատճառով ընտրվեց մայիսի 23 ամսաթիվը: Հիմա ես 100 տոկոսով վստահեցնում եմ՝ համերգը կայանալու է, և բոլոր տոմսերը ուժի մեջ են, կարող են բոլորը գալ համերգին»,-ասաց նա:

 

Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ համերգը կարող է անցնել կիսադատարկ դահլիճում, Զառա Մխեյանը պատասխանեց. «Մենք չենք պատրաստվում բաժանել տոմսեր՝ դահլիճը լցնելու համար, սա կոմերցիոն նախագիծ է, և արտիստը նրա համար է, որ դահլիճում մեկ հոգի էլ լինի՝ երգի: Մենք կարող էինք հանել համերգը ու վերադարձնել տոմսերի գումարները, ինչը մեզ համար ֆինանսապես ավելի ձեռնտու է, քան նորից անել բոլոր ծախսերը, որոնք մի անգամ արդեն արել ենք, բայց չեմ կարող թույլ տալ նման բան: Առաջին հերթին՝ ես հարգում եմ արտիստին, ում հետ աշխատում եմ, ուզում եմ՝ համերգը կայանա, որովհետև նաև մեր իմիջի հարցն է, իսկ հետո էլ մեր ժողովրդի մեծամասնությունը սիրում է Ալեգրովային»:

 

Զառա Մխեյանը նաև նշեց, որ ընկերությունը արդեն մի մասի տոմսերի գումարը վերադարձրել է: Նա նաև նշեց, որ իր համար ցավն այն է, որ կան մարդիկ, որոնք անպատիվ խոսքեր են գրում երգչուհու հասցեին:

 

«Ասում են՝ ստիպում եք, որ գա՞նք համերգ: Կարիք չկա՝ անպատիվ բաներ գրել, եթե գոյություն ունի օրենք, դատարան, եթե չվերադարձնենք գումարը, թող դիմեն բոլոր հնարավոր միջոցներին: Բացի այդ՝ մենք երկար տարիներ շուկայում ենք, և բոլոր համերգները ապահովագրվում են, հետևաբար չենք կարող ուղղակիորեն գումարներ բաժանել, ամեն ինչ պետք է ձևակերպվի»,-ասաց նա:

 

Զառա Մխեյանը նշեց, որ տոմսերը վաճառվում են, և բոլոր ցանկացողները դեռ կարող են տոմսեր ձեռք բերել:



 

Իրինա Ալեգրովայի համերգի տոմսարկղերից գնված տոմսերը կվերադարձվեն համեգից մի քանի օր անց