Հայդի Քլումի գերմանական հեռուստաշոուն ընդհատվել է ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով
Ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով ընդհատվել է Germany's Next Topmodel («Գերմանիայի ապագա թոփ-մոդել») հայտնի հեռուստաշոուի եզրափակիչ մասը, որը վարում է համաշխարհային մոդելային բիզնեսի գերմանացի աստղ Հայդի Քլումը, գրում է Deutsche Welle-ն։
Ինչպես հայտնել են Մանհեյմի ոստիկանությունից՝ սպառնալիքը հնչել է անհայտ կնոջ կողմից հեռախոսով մայիսի 14-ին՝ ժամը 21։07-ին։ Երբ դրանից անմիջապես հետո SAP Arena համերգասրահի պահարաններից մեկում հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ, հաղորդման ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։ Մոտ 10.000 հանդիսատես տարհանվել է։
Կեսգիշերին մոտ կասկածելի իրն ուսումնասիրել են ոստիկանության աշխատակիցները, սակայն վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել։ Չեն հայտնաբերվել պայթուցիկի հետքեր ո՛չ համերգասրահում, ո՛չ հարևան շինություններում։










