Մշակույթի նախարարության հիմքերի հիմքում օրենսդրական դաշտն է. Հասմիկ Պողոսյան
Այս տարին տարբերվում է նախորդներից, քանի որ գտնվում ենք կարևորագույն փուլում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Նա նշեց, որ հաշվի առնելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն է, և մշակույթն այդ առումով կարևոր նշանակություն ունի, նախարարության աշխատանքի ծավալները կրկնապատկվեցին, կարելի է ասել՝ նաև եռապատկվեցին, և այդ ուղղությամբ ծրագրերը սկսել են իրականացվել դեռ անցած տարվա աշնանից:
«Մշակույթի նախարարության հիմքերի հիմքում օրենսդրական դաշտն է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ քննարկման են դրված թանգարանների, հուշարձանների մասին օրենքները, ինչպես նաև կինոյի մասին օրենքը՝ ՀՀ նախագահի հանձնարարությամբ:
«Երկրորոդ կարևորագույն ուղղությունը հայկական մշակութային ժառանգության հնարավոր էլեկտրոնային շտեմարանների ստեղծումն է»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեն իրականացվել է հայկական հուշարձանների, գորգերի, թանգարանների էլեկտրոնային շտեմարանը, և թվայնացվել է 285 անուն պատմական մամուլ:
«Երրորդ ուղղությունը նոտաների թվայնացումն է, ինչը հիմնականում օպերային թատրոնում պահվող նոտաներին է վերաբերում»,-ասաց նախարարը։
Անդրադառնալով նախարարության գերակա ուղղություններին՝ մշակույթի նախարարն ասաց, որ անցած տարի այն եղել է երգչախմբային արվեստը, իսկ 2015 թվականին թատերական արվեստն է: Նա ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվել են երգչախմբային արվեստում և նշեց, որ լուրջ գիտական աշխատություններ են հրատարակվել Կոմիտասի մասին: Ինչ վերաբերում է թատերական արվեստին, ապա այս գերակա ուղղության շրջանակում լայանածավալ աշխատանքներ են նախատեսված:
Հասմիկ Պողոսյանը հատկանշական համարեց լավաշի ներառումը ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, և հայտնեց, որ նոր հայտ են ներկայացրել՝ ազգային քոչարի պարը ևս ներառելու համար:
Անդրադառնալով մշակութային կրթական ոլորտի հաջողություններին՝ Հասմիկ Պողոսյանն ասաց, որ այս տարի ամփոփում են 2012-2015 թվականների պետական ծրագիրը, և կազմելու են նոր ծրագիր՝ հետագա տարիների համար: Նա նկատեց, որ 2012-2015 թվականների համար նախատեսված քսաներկու կետը դառնալու է 40 կետ, և միջազգային հարթակներում մեր երեխաների հաջողությունները հենց այդ գործողությունների արդյունքն է:
Նա նախարարության ցավոտ խնդիրը համարեց մշակութային ենթակառուցվածքների հարցը և նշեց, որ դրանք հիմնականում ստեղծվել են խորհրդային տարիներին, և դժվար է լուծել ադ խնիրները սուղ ֆինանսական պայմաններում, թեև հատուկ ուշադրություն կա դրանց նկատմամբ:
Նա ասաց, որ արդեն կառուցվել է Մաշտոցի անվան մատենադարանի նոր մասնաշենքը, Հայոց ցեղասպանություն ինստիտուտ- թանգարանի նոր մասնաշենքը, կան երկու նոր նախագծեր, զուգահեռաբար ընդլայնվում են այն թանգարանները, որոնք գոյություն ունեն, բացվելու է Համո Սահյանի տուն թանգարանը: «Զուգահեռաբար ընդլայնվում է նաև մասնավոր թանգարանների հետ համագործակցությունը»,-ասաց նա:










