«Քաղաքացիական պայմանագիրը» կարող է փոխել այս մթնոլորտը. Սասուն Միքայելյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը այսօր կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց, որ ազատ ու արդար ժողովրդավար երկիր ունենալու համար նոր շունչ ու որակ է պետք:
Նա նշեց, թե իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի լիարժեք քաղաքական դաշտ չկայանա։ «Ինչը նրանց մոտ ավելի լավ է ստացվում, քան սոցիալ-տնտեսական վիճակի խնդիրների լուծումը»,– ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի խոսքով՝ իշխանությունները հեշտ են լուծում ամեն գնով իշխանությունը պահելու խնդիրը: «Որովհետև վստահ են, որ ժողովուրդը ոտքի չի կանգնի իրենց հարցը լուծի, իսկ մի քանի ըմբոստների հարցը հեշտ է լուծել՝ նրանց բանտարկելով»,-ասաց նա:
Ընդդիմությունն էլ ըստ նրա՝ իր գործելաոճով նպաստել է երկրում նման վիճակ հաստատելու համար: Նա նկատեց, թե ժողովրդին հանել են հրապարակներ ու հետո իբր տեխնիկական և այլ խնդիրներից ելնելով՝ նրանց ձեռնունայն տուն են ուղակել, որն իրականում պայմանավորված է զուտ առաջնորդի հետ խնդիրներից ելնելով:
Սասուն Միքայելյանը նշեց, թե խոստացված թեժ գարուններն ու թեժ աշուններն ավարտում են ոչ միայն իրենց պնդմամբ հուժկու հանրաքվեներով, այլ ոչ մի քաղաքագիտական տրամաբանությամբ: «Շեֆի դարակազմիկ որոշումներն են միայն փառաբանում»,-ասաց նա:
Քաղաքական դաշտում ըստ նրա՝ չկա սկզբունքայնություն, երբ լիբերալը պահի տակ դառնում է սոցիալիստ և այլն: «Ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը կարծում են իշխանություններին միայն փնովելն ու քննադատելը իրենց գործն է, առանց կոնկրետ քայլի՝ մոռանալով, որ ժողովուրդն ավելի է հիասթափվում»,-ասաց նա:
«Իհարկե բոլորիս համար պարզ է, որ ՀՀ-ի համար, այս փոքր երկրի համար չափազանց մեծ է գրանցված կուսակցությունների թիվը, բայց հիմնադրվելով նոր կուսակցութուն՝ոչ թե ազդարարում ենք, որ մենք էլ կանք, այլ ասում եք, որ ուժ ենք, որը կարող է փոխել այս մթնոլորտը»,-նշեց նա:










