Պետական պարտքի շեմն ավելացնում ենք, բայց պարտք վերցնելու հարց չի քննարկվում ընդհանրապես. Ջանջուղազյան
«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարցրեց, թե, ինչու են հիմա ուզում անմիջապես միայն կառավարության պարտքի շեմը դարձնել 60%, եթե ունենք դեռևս 1,5 մլրդ դոլարի պարտք վերցնելու հնարավորություն:
«Ինչու ենք թռիչքաձև բարձրացնում»,- հարցրեց նա և հավելեց, թե ինչ ազդեցություն ունի այս փոփոխությունը պարտքի վրա:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հավատացրեց, թե այս փոփոխությունը որևէ ազդեցություն չունի և պնդեց, որ պետական պարտքի ավելացման հարց չի քննարկվում ընդհանրապես: «Փոփոխությունը վերաբերում է կիրառվող սահմանափակումների ներդաշնակեցմանը»,- ասաց նա:
Նշենք, որ Կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» բառը օրենքի 5-րդ հոդվածի 5, 6 և 7-րդ կետերում փոխարինել «կառավարության պարտք» բառերով:
Թե ինչու են բարձրացնում շեմը, Ջանջուղազյանը առաջարկում է ձևակերպումը վերանայել: «Թվաբանությամբ, այո՛ ինքնըստինքյան բարձրացում է, բայց հիմնավորել թե ինչ-որ բանի համար է, ճիշտ չէ: Եթե նույնիսկ դիտարկենք, որ պարտքի շեմն ենք բարձրացնում, որպեսզի վաղը հնարավորություն ունենանք 1,5 մլրդ դոլար պարտք ներգրավել ու սահմանափակում չունենանք: Այդ տրամաբանությամբ վաղը կարող է 2 մլրդ դոլարի պարտք ներգրավելու կարիք ունենաք, էլի սահմանափակումը կսկսի ազդել»,- ասաց նա:
Ստեփան Մարգարյանը զարմացավ. «Այդ դեպքում ինչո՞ւ եք հրատապ բերել ու ուզում եք մի քանի օրվա մեջ լուծեք»:










