Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կանադահայ ուխտավորներին

19:45 • 28.09.26

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կանադայի Հայոց թեմի «Հայ Արդ Տուն» կազմակերպության նախաձեռնած ուխտագնացության մասնակիցներին։

Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել ներկաներին՝ գնահատանքով անդրադառնալով կանադահայության եկեղեցասիրությանն ու հայրենանվեր ոգուն։ Նորին Սրբությունը կարևորել է ուխտագնացությունների դերը հավատքի զորացման, ազգային ինքնության պահպանության և հայրենիքի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ կապերի ամրապնդման գործում։

Վեհափառ Հայրապետը հորդորել է ուխտավորներին շարունակել գործուն մասնակցություն բերել իրենց համայնքների ազգային-եկեղեցական կյանքին՝ առանձնակի հոգածություն ցուցաբերելով երիտասարդ սերնդի հայեցի ու քրիստոնեական դաստիարակության համար։

Վերջում Հայոց Հովվապետը մաղթել է, որ այս այցելությունը հոգևոր նորոգության և ոգեշնչման առիթ դառնա ուխտավորների համար՝ զորացնելով նրանց հոգիներում հավատն առ Աստված, սերն ու նվիրումը Մայր Եկեղեցու և հայրենիքի հանդեպ։